Քեսաբին տրամադրված օգնություններն արդեն սկսել են բաժանել բնակիչներին

Քեսաբին տրամադրված օգնություններն արդեն սկսել են բաժանել բնակիչներին

Քեսաբին հատկացված օժանդակությունները սկսել են բաժանել բնակիչներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ առաջին նպաստները կտրամադրվեն տների վերականգնման տարբեր աշխատանքների համար: Այնուհետև հաջորդ օժանդակությունը կհատկացվի գյուղատենտեսության, արհեստանոցների վերականգնման, անհր աժեշտ սարքավորումներ գնելու համար: Կարո Մանճիկյանի խոսքով’ առաջին օժանդակությունը, որ բաժանվում է բնակիչներին, տրամադրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից: «Այսպես հերթականությամբ բոլոր օգնությունները կհատկացվեն քեսաբցիներին, և կյանքն աստիճանաբար բնականոն հունով կընթանա»,- նշեց Մանճիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունը բնակիչներին կենցաղային իրեր է տրամադրել: Անհրաժեշտ պարագաներով փոքր կապոցների օգնություն է տրամադրվել նաև հույն ուղղափառ եկեղեցու կողմից:

Կանայք շարունակում են մաքրության աշխատանքներ կատարել բնարականներում: Ինչ վերաբերում է բերքին, Մանճիկյանը նշեց, որ այս տարվա խնձորի բերքը լավ է: Այդ հանգամանքը կմխիթարի բնակիչներին:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասն արդեն վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարաններն առանց բացառության վնասներ են կրել: Նրանցից որոշներն անբնակելի են, որոշները հրկիզված, թալանված և կողոպտված են, մյուսները փոքր վնասներ են կրել:

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում