«Մենք ուզում ենք ապացուցել նախագահին՝ մեր էրեխեքի գործերը շատ պարզ են և կարելի է «տեսնել» մեղավորին». զոհված զինվորների մայրերը Նախագահին են ուզում հանդիպել

«Մենք ուզում ենք ապացուցել նախագահին՝ մեր էրեխեքի գործերը շատ պարզ են և կարելի է «տեսնել» մեղավորին». զոհված զինվորների մայրերը Նախագահին են ուզում հանդիպել

Մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել էր ոչ մարտական պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներ Գոհար Սարգսյանին, Անահիտ Մկրտչյանին, Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին, Հերիքնազ Գասպարյանին և Հովսեփ Մուրադյանին:

Ըստ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ կառավարության ղեկավարը զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները՝ որդիների մահվան հանգամանքների առնչությամբ, այնուհետ խոստացել  մահացած զինվորների ծնողներին՝ իր լիազորությունների շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

2007թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի զորամասում սպանված Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանը Times.am-ի  հետ զրույցում նկատեց.

«Ասեց, որ իր շրջանակներում կզբաղվի, բայց իր շրջանակները ո՞րն է, ինքն ո՞ւնի իրավասություն դատական գործով զբաղվելու: Մենք բոլորս էլ գիտենք, որ իր իրավասությունները քիչ են: Մենք կրկնակի անգամ պահանջել ենք, որ իրավական գնահատական տան մեր էրեխեքի քրեական գործերին: Մենք մեր էրեխեքին չենք կարող հետ բերել, բայց գոնե լինի արդար քննություն, արդար դատավարություն, մեղավորը պատժվի: Էրեխես գերեզման ունի, բայց մահվան պատճառը չգիտեմ: Եթե չէ, թող սպիտակի վրա սևով գրեն, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում բացահայտել զինվորի քրեական գործերը: Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը ճաղերի հետևից խոստացավ, բայց ոչինչ չարեց: Թող պատասխանի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը՝ ո՞ւնենք արդար դատաիրավական համակարգ ՀՀ-ում»:

Իր հերթին 2001 թ.-ին Վայքի զորամասում սպանված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, ավելացրեց.

«Նախագահը հանդիպման ժամանակ ասաց, որ կհանձնարարի նորանշանակ զինդատախազին, որ ընդունի և լսի մեզ, ընդունեց էլ, լսեց էլ, լսեց մեզ, բայց…վստահ ասում եմ, որ բոլորիս քրեական գործերում հակասություն կա և իրերին իրավական գնահատական տալու դեպքում հնարավոր է «տեսնել» հանցագործին, որը չեղավ: Հիմա մեր ցանկությունն է նորից հանդիպել ՀՀ նախագահին, որի մասին ասել ենք վարչապետին, բայց այս անգամ ոչ  թե ընդհանրական, այլ առանձին-առանձին: Իմ էրեխու գործով դատաբժշկական համալիր փորձաքննություն են անցկացրել, հետո նորից ապօրինի փորձաքննություն են արել և և դա դրել ապացուցողական հիմքում և այդպես երեք անգամ: Եթե իրավական գնահատական տրվեր, գործը չէր ջրվի, չէր կասեցվի՝ սպանությունը կատարողի անհայտ լինելու պատճառով: Մենք ուզում ենք ապացուցել ՀՀ նախագահին, որ մեր էրեխեքի գործերը շատ պարզ են և կարելի է «տեսնել» մեղավորին»:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում