Ռուսաստանի հայկական համայնքը սատարում է Լևոն Հայրապետյանին

Ռուսաստանի հայկական համայնքը սատարում է Լևոն Հայրապետյանին

Հայ-ռուսական կազմակերպությունները համակարգող խորհուրդը հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի ազատազրկման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարարի facebook-յան պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ ասված է, որ տարիներ շարունակ Հայրապետյանը հանդիսանում է խոշոր մեկենաս, ում աջակցությամբ զարգանում եւ ամրապնդվում է հայկական համայնքը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները:

«Նրա շնորհիվ հարյուրավոր մարդիկ աշխատանք են գտել, նա ամենաակտիվ ջանքերն է գործադրել ՌԴ տնտեսության զարգացման համար եւ բազմաթիվ ներդրողների հրավիրել Ռուսաստան: Հայրապետյանի լայնածավալ հասարակական գործունեությունը նպաստում է հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանը: Նա շատ մեծ դեր է խաղում Հայաստանում եւ ԼՂՀ-ում ռուսական մշակույթի պրոպագանդայի հարցում: Բացի այդ, Լեւոն Հայրապետյանը հանդիսանում է Հայաստանի’ Եվրասիական միության անդամակցության ամենակտիվ ջատագովներից մեկը: Հենց նրա ազդեցության շնորհիվ է, որ ինտեգրացիոն ճանապարհին առկա բազմաթիվ խոչընդոտներ վերացել են: Լեւոն Հայրապետյանը հանդիսանում է խոշոր միջազգային լոբբիստ, որ պայքարում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար: Ունենալով լայն կապեր ամբողջ աշխարհում, նա միշտ առաջ է տարել հայ ժողովրդի շահը, սակայն երբեք չի վնասել Ռուսաստանի կամ որեւէ այլ երրորդ երկրի շահերին»,- ասված է հայտարարության մեջ:

Համակարգող խորհուրդը կոչ է արել Ռուսաստանի դատական եւ իրավապահ մարմիններին, գործի ընթացքում հաշվի առնել նաեւ օրենքով տրված մարդասիրական վերբերմունքը նման արժանավոր մարդու հանդեպ:

«Լեւոն Հայրապետյանը լուրջ հիվանդ է, նա առաջին կարգի հաշմանդամ է, վերջերս է ծանր վիրահատություն տարել Գերմանիայում եւ նրա կյանքն ու առողջությունը վտանգված են»,- ասված է խորհրդի հաղորդագրությունում:

Ի աջակցություն Լեւոն Հայրապետյանի ելույթ է ունեցել նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հավաստիացրել է, որ Հայրապետյանը հանցավոր ոչինչ չի կատարել: Աբրահամյանի խոսքով, Հայրապետյանի գործն իրենց ուշադրության կենտրոնում է եւ նրանք անընդհատ կապ են հաստատում, թե իրավապահ մարմինների, թե Հայրապետյանի փաստաբանի հետ: Աբրահամյանը նշել է, որ իրենք վստահ են’ Հայրապետյանն անմեղ է, սակայն գործի քննության համար կպահանջվի ժամանակ, որպեսզի ուսումանսիրվեն բոլոր փաստերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում