«Ղարաբաղը ծախելու քաղաքականություն իրականացնողը փորձում է մեզնից պաշտպանել Ղարաբաղը.Շարմազանով.Tert.am

«Ղարաբաղը ծախելու քաղաքականություն իրականացնողը փորձում է մեզնից պաշտպանել Ղարաբաղը.Շարմազանով.Tert.am

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ilur.am-ին տված հարցազրույցին, որում Լևոն Տեր-Պետրոսյանը մի շարք հայտարարություններ էր արել կապված՝ Եվրասիական Միության շրջանակներում Ղարաբաղի խնդրի անսպասելի արծարծման, Ադրբեջանի կողմից զինադադարի հաճախացած խախտումների և դրանց նկատմամբ Հայաստանի արձագանքի, ԵՏՄ-ին չմիանալու պատճառների, պաշտոնական Փարիզի առաջարկների, ինչպես նաև՝ ներքաղաքական որոշ հարցերի հետ:

Ներկայացնում ենք ՀՀԿ խոսնակի մեկնաբանությունը:

«Ծանոթացա «Տեր-Պետրոսյանի վերջին «մտավարժանքներին»՝ ներկայացված հարցազրույցի տեսքով և ցանկանում եմ անդրադառնալ սահմանային միջադեպերի և ղարաբաղյան հակամարտության հետ կապված նրա հայտարարություններին, «ինչպես ինքն է ձևակերպում՝ այն հրդեհին, որը սպառնում է Հայաստանին և Ղարաբաղին, իսկ համապատասխան պատկան մարմինները կարծում եմ՝ կպատասխանեն Տեր-Պետրոսյանի մտավարժանքներին՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Նախ. առնվազն տարօրինակ է, որ այսօր ղարաբաղյան հիմնահարցի կամ Ղարաբաղում և Հայաստանում «հրդեհը» մարելու գաղափարով հանդես է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը, որի՝ ԼՂ հիմնահարցի լուծման շուրջ գաղափարները բոլորին հայտնի են: Այդ գաղափարները և նրա այդ գործունեությունը առնվազն տխրահռչակ են: Եվ այստեղ արժե հիշել հայտնի ասացվածքը՝ «Գողն առաջին է գոռում՝ բռնե՛ք գողին»: Եվ հասարակության մեջ հայտնի Ղարաբաղը ծախելու քաղաքականություն իրականացնողն այսօր փորձում է մեզնից պաշտպանել Ղարաբաղը:

Առնվազն բարոյական չէ, երբ քաղաքական գործիչը իր և կամ այլ քաղաքական ուժերի մանր, ներկուսակցական շահերը սպասարկելու համար առաջ է բերում Լեռնային Ղարաբաղի, որովհետև հարցազրույցից հստակ երևում է, որ նրա նպատակը ո՛չ Եվրասիական միությունն է, ո՛չ Հայաստանի Հանրապետության հետ սահմանային միջադեպերի խնդիրը, այլ իմ նշած վերջին մասը: Եվ իր ասածին ավելի մեծ հնչեղություն տալու համար մի հատ նախաբան է բերում Լեռնային Ղարաբաղի մասին, որ վտանգ է սպառնում և այլն: Սա, կրկնում եմ, առնվազն բարոյական չէ:

Եվ երրորդ. այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշատակում է 1996 թվականը, որ Ժակ Շիրակի կողմից նման նախաձեռնություն է եղել, ա՛յ, էդ մի բանը ճիշտ է անում, որովհետև վերջին շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանը այնքան է իջեցրել իր քաղաքական նշաձողը, այնքան է հանդես եկել մերկապարանոց, մտավարժանքային հայտարարություններով, որ հասարակությունը մոռացել է, որ ինքը երբևէ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում