ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորության չափով աջակցելու Լևոն Հայրապետյանին

ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորության չափով աջակցելու Լևոն Հայրապետյանին

Հայաստանի վարչապետը պատրաստ է իր հնարավորության չափով աջակցել Ռուսաստանում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանին: Այդ մասին նա հայտարարել է Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Իմ աջակցությունը կլինի բարոյական: Ես պատրաստ եմ հնարավորության սահմաններում աջակցելու նրան: Գնահատում եմ Լևոն Հայրապետյանի բարեգործությունները Արցախում»,- Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ՀՀ վարչապետը:

Խոսելով այն մասին, թե ինչու էր այս հարցի շուրջ իր առաջին արձագանքը կոշտ հնչել’ վարչապետը ասաց, որ իր պատասխանը պայմանավորված էր նրանով, որ իրեն հարցնում էին, թե ինչ կապ ունի նա Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ: «Եթե քաղաքացին ինչ-որ խնդիր ունի օրենքի հետ, դատարանը կորոշի»,- ասաց նա:

Հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին, ով մեծ ավանդ ունի Լեռնային Ղարաբաղում տնտեսության զարգացման և բանակաշինության գործում: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին:

Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է կալանքի որոշումը: Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում