Ֆրանսիան ստում է, որովհետև ինքը վաճառել է Ադրբեջանին բավականին լուրջ զենքեր. Շիրխանյան

Ֆրանսիան ստում է, որովհետև ինքը վաճառել է Ադրբեջանին բավականին լուրջ զենքեր. Շիրխանյան

Times.am-ի ճեպազրույցը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ:

Սահմանին վերջին շրջանում հակառակորդի ակտիվացումը, լարվածության սրացումը հին մեսիջների, երգերի շարքի՞ց է, թե՞… արդարացվա՞ծ է այն խուճապը, որը ստեղծվում է լրատվամիջոցների կողմից:

Ի՞նչ է եղել, սահմանին ամեն ինչ սովորականի պես է: Այսինքն՝ պետք է մտածել, որ դա սահման է, որտեղ կրակում են, նման դեպքեր եղել են և լինելու են, պետք է ընդամենը պատրաստ լինենք: Իսկ այ էդ խուճապը…Մակեդոնացին ասում էր՝ քայլ անելուց առաջ կանգնիր: Մի հատ պետք է մտածենք՝ պե՞տք է սա ասել, թե՞ ոչ: Ախր, պատերազմը չի ավարտվել, սա սահման է:

ՀՀ առաջին նախագահն իր վերջին «հրատապ» հարցազրույցում ասել էր, թե հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից:

Չեմ ուզում մեկնաբանել, եթե առաջին նախագահը  գտնում է, որ արժանի հակահարված չենք տալիս, որ սահմանները լավ չեն պաշտպանվում, թող կոչ անի զինված ուժերին, որ ավելի զգոն լինեն, կամ ինքը գնա…

Իսկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարության հետ կապված ի՞նչ կասեք, այն, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան զենք չի վաճառել և չի վաճառի Ադրբեջանին:

Սուտ է ասում, Ֆրանսիան ստում է, որովհետև ինքը վաճառել է Ադրբեջանին բավականին լուրջ զենքեր: ԱՄՆ-ն էլ է վաճառել, Իսրայելը, Գերմանիան, Ուկրաինան մեծ քանակությամբ: Սա բիզնես է:

Նորմա՞լ է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեպքում դրան վերաբերել իբրև բիզնեսի և ոչինչ չասել, չանել, չնայած վերջերս ՀՀ նախագահի կողմից մտահոգություն հնչեց:

Գիտե՞ք ինչ պետք է անենք՝ առաջինը մենք պետք է մեր ուժին վստահենք, ապահովենք այդ ուժը:

Ինչպե՞ս, եթե մարդկային ռեսուրս ենք ամեն օր կորցնում:

Դա վատ է, այ աղետը դրանում է, դա պետք է կանխել՝  համազգային միջոցներով, համախմբելով և ոչ թե կախվենք ՌԴ-ի փեշից, Ուկրաինայի, Ֆրանսիայի… լավ են անում, մարդիկ բիզնես են անում, փող են աշխատում, դու էլ փող ունեցի և գնի այդ զենքը: Ինքներս պիտի այնպիսի համախմբում ապահովենք, որ աշխարհը էդ ուժից զգուշանա:

Լավ, ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումն ինչի է ձգձգվում:

Տեխնիկական, կազմակերպչական հարցեր կան:

Բայց մեզ մոտ ասում են, թե դրանք ավարտին են մոտեցել, գուցե պատճառը ԵՏՄ հիմնադիր երկրներ՝ Ղազախստանի, Բելառուսի մե՞ջ է:

Ղազախստանը չի կարող դեմ չլինել, ասեց չէ՝ իմ ընկեր Ալիևը….նրա ընկերն Ալիևն է…

Օրեր առաջ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց  Թուրքիայի կողմից Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնության մասին: Սա լրացուցիչ վտանգ չէ՞ մեզ համար, չպե՞տք է սրանից զգուշանալ, եզրակացություններ անել, ձեր ասած կամ Մակեդոնացու՝ քայլ անելուց առաջ կանգնենք:

Մի հատ սպասի տեսնենք, թե դա հնարավո՞ր է: Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է: Չեմ պատկերացնում դրա իրականացման մեխանիզմը: Երկրորդ՝ չեմ հավատում, որ ՌԴ-ն այնքան միամիտ լինի, որ հավատա թուրքական կողմին՝ ի հաշիվ ինչ-որ բաներ զիջելու: Ռեալ ոչինչ չունեն, խոսք է էլի, ասվել է:

Պետք չի՞ սցենարներ մշակել, եթե հանկարծ…

Համար մեկ սցենարը համահայկական համախմբումն է: Համահայկական համախմբում ոչ թե անձի, այլ Հայաստան երկրի շուրջ: Եթե մենք անձեր փնտրելով ևս մի 15-20 տարի կորցնենք…

Բայց Հայաստանն անձերի ձեռքո՞ւմ չէ այսօր, շարքային քաղաքացին հարց լուծո՞ղ է:

Էդքան էլ էդպես չի: Հայաստանում հայեր են ապրում և պետք է համախմբվել հայերի խնդիրների շուրջ:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում