Հոկտեմբերին Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը

Հոկտեմբերին Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը

Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի և տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Իր ելույթում Հայաստանի դեսպանը կարևորել է ՄԱԿ-ի առանցքային դերը խաղաղապահ գործողությունների ծրագրավորման, համակարգման և իրագործման ոլորտներում’ առանձնահատուկ ընդգծելով գործունեության հիմնական դերակատարների, այդ թվում Անվտանգության խորհրդի, Գլխավոր քարտուղարի և խաղաղապահ ուժեր տրամադրող պետությունների ու տարածաշրջանային կազմակերպությունների միջև համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

Դեսպան Մնացականյանը նաև նշել է, որ Միավորված Ազգերի Կազմակերպության բացառիկ հնարավորությունները’ խաղաղապահ գործունեության միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման և խթանման հարցում:

Խոսելով խաղաղապահ գործողություններում Հայաստանի փորձառության մասին’ դեսպանն ընդգծել է այն զգալի ներուժը, որը երկիրը ձևավորել է վերջին երկու տասնամյակի ընթացքում’ մասնավորապես հիշատակելով ՀՀ Զինված ուժերում խաղաղապահ ստորաբաժանման առկայության հանգամանքը:

Իր ելույթում դեսպան Մնացականյանը մասնավորապես շեշտել է.

«Որպես խաղաղապահ գործողություններում ներգրավված երկիր’ Հայաստանը կուտակել է զգալի փորձ’ մասնակցելով Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին: Գալիք հոկտեմբերին Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը, ինչը ՄԱԿ-ի շրջանակներում մեր մասնակցության ընդլայնման վառ ապացույցն է: Որպես ԵԱՀԿ անդամ պետություն’ Հայաստանը դիտարկում է կազմակերպության հնարավոր դերակատարությունը խաղաղապահ գործողություններում’ ըստ յուրաքանչյուր իրավիճակի, իսկ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համագործակցում’ խաղաղապահության նախապատրաստման գործում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում