«Քրոնիմետի» աջակցմամբ գյումրեցի աշակերտները համակարգչային ծրագրավորման գիտելիքներ են ստացել

«Քրոնիմետի» աջակցմամբ գյումրեցի աշակերտները համակարգչային ծրագրավորման գիտելիքներ են ստացել

Գյումրիում գործող «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունում տոն էր: Առիթը կազմակերպությունում անցկացվող վեբ ծրագրավորման դասընթացներ ավարտական փուլն է: 3 ամիս դասընթացներին մասնակցած աշակերտները ստանում են իրենց հավաստագրերը: Հավաստագրերը տրվեցին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կայացած 2014 թ. շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում: Դասընթացի մասնակիցներից 14-ամյա Անուշ Չախոյանը Life.panoram.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ ծրագրում ընդգրկվելն այս ոլորտն իր համար անծանոթ է եղել: «Այստեղ սովորում ենք վեբ ծրագրավորման հիմունքները, թե ինչպես կարող ենք նոր ինտերնետային էջ կազմել: Դասընթացները սկսվել են մայիսի 1-ից, այս ընթացքում սովորել ենք HTML/HTML5, CSS/CSS3, CSS, JAVA SCRIPT, PHOTOSHOP և այլ ծրագրեր: Արդեն ունենք մեր կազմած վեբ էջերը»,-ասաց Անուշը: Դասընթացին մասնակցած Ջուլիա Հովհաննիսյանը վաղուց էր հետաքրքրված տեղեկատվական տեխնոլոգիաներով, սակայն այն խորությամբ ուսումնասիրելու հնարավորություն չէր ունեցել: «Այդ դասընթացների շնորհիվ ինձ մոտ փոխվեց մասնագիտական կողմնորոշումս, հիմա ցանկանում եմ շարունակել այս ուղին, քանի որ այս ոլորտը Հայաստանում մեծ պահանջարկ ունի և ինձ շատ է հետաքրքրում: Ցանկանում եմ խորացնել ձեռք բերած գիտելիքներս»,-ավելացրեց 15-ամյա Ջուլիան:

Նման դասընթացներ անցկացնելու գաղափարը կյանքի է կոչվել «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի շնորհիվ: Հիմնադրամի ջանքերով ամբողջովին վերազինվել և կահավորվել է դասասենյակը: Մեղվիկ մանկապատանեկան հասարակական կազմակերպության նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանը Life.panoram.am-ի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը գործում է Սպիտակի 88 թվականի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո և 26 տարի շարունակ զբաղվել են երեխաների պատանիների, երիտասարդների բարոյահոգեբանական դաստիարակությամբ: «Հիմա փոխվել են մեր նպատակներն ու խնդիրները, փոխվել է մեր ռազմավարությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կառավարության կողմից գերակա ուղղություն է սահմանվել, այն զարգացող և պահանջարկ ունեցող ոլորտ է, Գյումրին էլ դարձել է տեխնոքաղաք, արդեն ունենք տեխնոպարկ: Այդ ամենը տեսնելով, որոշեցինք ծրագրեր իրականացնել հենց այս ոլորտում՝ ավելացնելով մեր խմբակների թիվը: Ծրագրավորման դասընթացների անցկացումը հնարավոր եղավ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Եվ ահա 3 ամիս անց երեխաները անկախ տարիքից դարձել են մասնագետներ»,-ասաց կազմակերպության նախագահը:

Ծրագիրն իրականացվել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ: Կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը նշեց,որ «Քրոնիմետ»-ի հետ իրենք համագործակցում են արդեն 4 ամիս: Իսկ համագործակցության առաջարկությունը ստացել են հենց «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամից՝ ցանկանալով դպրոցահասակ երեխաների համար իրականացնել համակարգչային ծրագրավորման ուսուցում: «Մեր կենտրոնի կողմից ողջունվեց այդ առաջարկը, ճիշտ է մենք իրականացնում ենք ծրագրավորման դասընթացներ, սակայն երեխաների համար հատուկ ծրագիր և ֆինանսավորում չունեինք: Շնորհիվ այս բարեգործության, մենք մոտ 30 շահառուների սովորեցրել ենք վեբ-ծրագրավորում: Հենց «Քրոնիմետ»-ի աջակցությամբ գործում են համակարգչային լսարաններ, որտեղ շատ արդյունավետ անցավ մեր դասընթացը: Ասեմ, որ 10 աշակերտ չկարողացավ համապատասխանել մեր կրթական պահանջներին, բայց այս 20 լավագույններն արդեն ունեն վեբ ծրագրավորման նախնական գիտելիքներ և պատրաստ են մտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Քրոնիմետ»-ին, որ այս ծրագրի շնորհիվ երեխաների մոտ զարգացավ կարիերայի կողմնորոշումը»,-ասաց կենտրոնի գործադիր տնօրենը:

Երեք ամիս շարունակ երեխաների հետ աշխատած ուսուցչուհի Նաիրա Վարոսյանը, ով ներկայացնում է Գրումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, բարձր գնահատեց երեխաների ունակությունները: «Ճիշտ է բավական կարճ ժամանակ էր, բայց փաստն այն է, որ մենք արդեն ինտերնետում ունենք մեր երեխաների ուժերով պատրաստված մի քանի վեբ կայքեր: Ասեմ, որ հետաքրքրված են, թե աղջիկները, թե տղաները: Ունենք աղջիկներ, ովքեր իրենց աշխատասիրությամբ չեն զիջում տղաներին»,-ավելացրեց ուսուցչուհին:

«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը բարձր գնահատեց Մեղվիկ մանկապատանեկան հասարակական կազմակերպության հետ համագործակցությունը: «Այս համագործակցությունը, իհարկե, շատ ուրախալի է որովհետև համագործակցությունը լիարժեք ստացվեց, այստեղ վերազինվեց մի լսարան համակարգիչներով և կահույքով, և այն դատարկ չմնաց: Երեխաները դասընթացներ անցան IT ոլորտում, շատ ոգևորիչ է, երբ տեսնում ենք արդյունքները, հուսով ենք շարունակական կլինի համագործակցությունը»,-ավելացրեց Դիանա Ավդալյանը:

«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը գործում է շուրջ 3 տարի և արդեն հասցրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացնել մի շարք մարզերում: Աշխատում են նախադպրոցական և հիմնական կրթական հաստատությունների հետ, արդեն իրականցրել են մանկապարտեզների շինարարություն, աջակցման ծրագրեր՝ համալսարանական կրթության ոլորտում: «Մեր հիմնական ուղղություններից է երիտասարդական նորարարական նախաձեռնություններին աջակցելը, օրինակ, 2 տարի ռոբոտաշինության խմբակն ենք ֆինանսավորել: Այդ ոլորտում մի ծրագիր ունենք, որն իրականացնում ենք Ճարտարագիտական համալսարանի հետ: Դա մոբայլ ծրագրավորմանն է վերաբերում, այդ նպատակով լաբորատորիա ենք վերազինում: Հուսով ենք աշնանը կբացվի և կընդգրկվեն տեղի երիտասարդները»,-ասաց Դիանա Ավդալյանը: Հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Հիմնականում ընտրվում են այն մարզերը, որտեղ սոցիալական վիճակն առավել սուր է, աշխատանքներ են իրականացնում սահմանամերձ հատվածներում: «Մենք ոչ միայն պարզապես աջակցման ծրագրեր ենք իրականացնում, այլև այնպիսի ծրագրեր են ընտրվում, որոնք կօգնեն տեղի բնակիչներին հետագայում ինքնազբաղվածության հարց լուծել»,-հավելեց Դիանա Ավդալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում