Իջևանի Սուրբ Խաչ մատուռը վանդալային հարձակման է ենթարկվել. «ՀԺ»

Իջևանի Սուրբ Խաչ մատուռը վանդալային հարձակման է ենթարկվել. «ՀԺ»

Իջևանի Սուրբ Խաչ մատուռը, որը գտնվում է քաղաքի արևելյան եզրին, ենթարկվել է վանդալային հարձակման: Ինչպես հաղորդում է «Հայկական Ժամանակ»-ը, անհայտ անձինք ջարդել և վառել են դուռը, ինչպես նաև վնասել մատուռի նորոգմանը վերաբերվող արձանագրությունը: Հետաքրքիրն այն է, որ արձանագրության վրայից ջնջվել է «Սուրբ Խաչ» գրությունը, ինչպես նաև մատուռի նորոգումը ֆինանսավորած բարերարներից մեկի ազգանունը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել են. որ տեղի ունեցածի մասին ոստիկանությունը որևէ արձագանք չի ստացել: Սա նշանակում է, որ այս պահի դրությամբ քրեական գործ հարուցված չէ, նյութեր չեն նախապատրաստվում:

«Մատուռը իջևանցիների շրջանում հայտնի է որպես Խաչ և խորհրդային տարիներին եղել է քաղաքի միակ սրբատեղին, որովհետև խորհրդային Իջևանում ոչ մի գործող եկեղեցի չի եղել: Թե ի՞նչը կարող էր նման հարձակման պատճառ դառնալ, առայժմ դժվար է ասել: Հասկանալի է միայն, որ սա չէր կարող լինել սովորական խուլիգանություն: Բանն այն է. որ Սուրբ Խաչը գտնվում է Իջևանի բնակելի հատվածից շուրջ երկու կիլոմետր հեռու, դեպի այնտեղ տանող ճանապարհը անբարեկարգ է ու զառիվեր։ Այսինքն՝ Խաչը սովորական խուլիգանության օբյեկտ հանդիսանալ չէր կարող, և մատուռին վնաս հասցրած անձը կամ անձինք պիտի որ նպատակադրված լինեին դա անել: Այստեղից էլ տրամաբանորեն բխում է. որ վնասարարը պրոբլեմ ունի կամ խաչի, կամ այն անձի հետ, ում միջոցներով վերականգնվել է խորհրդային տարիներին կիսավեր վիճակում գտնվող մատուռը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում