Ոստիկանությունում «արձակուրդային» չվճարելու համար արձակուրդի դիմում չեն ընդունում. «Ժամանակ»

Ոստիկանությունում «արձակուրդային» չվճարելու համար արձակուրդի դիմում չեն ընդունում. «Ժամանակ»

Ոստիկանությունում, բացի առանձին վարչությունների կառուցվածքային փոփոխություններից, պարզվում է՝ առաջիկայում սպասվում են նաև այլ ուշագրավ փոփոխություններ: Մասնավորապես, ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների՝ առաջիկայում օրենսդրական փոփոխությունների միջոցով Ոստիկանական համակարգից հանվելու է վճարովի արձակուրդի հնարավորությունը: Այսինքն՝ համակարգի աշխատողներն այդուհետ արձակուրդի մեկնելիս չեն վճարվի, անկախ այն հանգամանքից՝ այդ արձակուրդը նրանց հասանելիք հերթական ամենամյա արձակո՞ւրդն է, թե՞ ոչ: Արձակուրդի մեկնած ցանկացած աշխատակցի աշխատավարձից կգանձվի նրա հանգստացած օրերի գումարը:

Համակարգի աշխատակիցների խոսքով՝ այս օրերին որևէ արձակուրդի դիմում համատարած չի ընդունվում, քանի որ խոսվում է, որ առաջիկայում կառավարությունը պետք է համապատասխան որոշում կայացնի կարգի վերացման հետ կապված:

«Դիմումը գրում ենք, որ գնանք արձակուրդ, չեն ընդունում, ասում են՝ շուտով վճարովի արձակուրդը հանելու են, կառավարության որոշմանն են սպասում, դրա համար էլ ոչ մեկը չի կարողանում արձակուրդ գնալ»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհել է համակարգի աշխատակիցներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում