Լուկաշենկոն ուկրաինական ճգնաժամը կարգավորելու փորձեր է կատարում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնել է Մինսկում հանդիպում անցկացնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ: Ինչպես հուլիսի 30-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են բելառուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունում, այդ առաջարկը հեռախոսազրույցի ընթացքում Բելառուսի ղեկավարին արել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Ինչպես նշվում է Ուկրաինայի նախագահի կայքում, Պորոշենկոն Բելառուսի իր պաշտոնակցին առաջարկել է օժանդակել հուլիսի 31-ին Մինսկում Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով եռակողմ շփման խմբի նիստի անցկացմանը: Հանդիպմանը պլանավորվում է հրավիրել Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչմային, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովին եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցչին:

Քննարկման թեմաների թվում կլինեն մալայզիական Boeing-ի աղետի վայր միջազգային փորձագետների մուտքը եւ բոլոր գերիների ազատումը: Պորոշենկոյի տվյալներով՝ աշխարհազորայինները պատանդ են պահում 151 մարդու:

Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հուլիսի 29-ին Գոռլովկայի աշխարհազորը 17 գերիների փոխանակել է իր կողմնակիցներից մեկի կնոջ Օլգա Կանիգինայի հետ, որին Ուկրաինայի անվտանգության խորհուրդը կասկածում է «անջատողականության ֆինանսավորմանը» մասնակցելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում