Համբուրգի կինոփառատոնում մրցանակ է շնորհվել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի հեղինակ թուրք ռեժիսորին

Համբուրգի կինոփառատոնում մրցանակ է շնորհվել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի հեղինակ թուրք ռեժիսորին

Համբուրգում անցկացվող կինոփառատոնի շրջանակում Հայոց ցեղասպանության մասին «Հատում» ֆիլմի հեղինակ, ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր, սցենարիստ եւ բեմադրիչ Ֆաթիհ Աքընն արժանացել է Դուգլաս-Սիրկ պարգեւին: Թուրք ռեժիսորի «Հատում» ֆիլմը ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» թերթը:

Ֆաթիհ Աքընի այդ պարգեւին արժանանալու մասին Համբուրգում հայտնել է կինոփառատոնի ղեկավար Ալբերտ Վիեդերշպիգելը: Նա նշել է, որ Աքընը օրինակ է հանդիսանում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Գերմանիայում բնակվող ռեժիսորների մի ամբողջ սերնդի համար: Դուգլաս-Սիրկ պարգեւը կրում է Համբուրգում ծնված ռեժիսոր Դուգլաս Սիրկի անունը: Այն շնորհվում է մշակույթի եւ ֆիլմարտադրության ոլորտում մեծ հաջողությունների հասած մարդկանց: Ավելի վաղ այդ պարգեւին արժանացել են Թիլդա Սվինթոնը, Կիմ Կի-դուկը, Անդրեաս Դրեսենը եւ Պետեր Ռոմմելը:

Մրցանակը Ֆաթիհ Աքընին հանձնվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմի’ սեպտեմբերի 27-ին Գերմանիայում տեղի ունենալիք պրեմիերայի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում