«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տուգանվեց 15 մլն դրամով. Նազարյանին բարկացրեց ընկերության աշխատաոճը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տուգանվեց 15 մլն դրամով. Նազարյանին բարկացրեց ընկերության աշխատաոճը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 15 մլն դրամով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը’ Ադոնցի 8 հասցեում կառուցապատվող բազմաբնակարանային շենքի սպառման համակարգը ցանցին չմիացնելու համար: ՀԿԾՀ նիստի ժամանակ հանձնաժողովի Զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը նշեց, որ 2014 թվականի հունիսի 21-ին «Միկմետալ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հանրային ծառայութ յունները կարգավորող հանձնաժողով’ հայտնելով, որ ՀԷՑ-ը սահմանված ժամկետում շենքը չի միացրել էլեկտրական ցանցին:

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն’ Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեում կառուցապատվող բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ժամկետ է սահմանվել 2012 թվականի հունիսի 27-ը, սակայն շենքի սպառման համակարգը մինչ օրս էլեկտրական ցանցին չի միացվել: Հանձնաժողովը հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հունիսի 26-ին դիմել է ՀԷՑ-ին, իսկ հուլի? ?ի 8-ից մատակարարի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ’ առաջարկելով 7-օրյա ժամկետում հարուցված վարույթի շրջանակում հանձնաժողով ներկայացնել համապատասխան փաստարկներ և դրանք հիմնավորող փաստաթղթեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Բուդաղյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ՀԷՑ-ը բանավոր համաձայնությամբ էլէկտրակայան է կառուցել մի հողատարածքի վրա, որը դեռևս նրան չի տրվել քաղաքապետարանի կողմից:

Նիստին ներկայացած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության իրավաբան Վարդան Գրիգորյանը փորձեց առարկություններ ներկայացնել որոշ կետերի շուրջ, սակայն հանձնաժողովին չբավարարեցին նրա առարկությունները: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչու նիստին չի ներկայացել ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը, ապա նկատեց, որ ընկերության վատ մենեջմենթի և շատ հարցերում հապաղումների պատճառով է, որ այն հայտնվել է վատ ֆինանսական վիճակում:

«Ես չեմ բացառում, որ ընկերության հետ կապված նման իրավիճակներ նորից կրկնվեն: Դուք պետք է փոխեք այս անպատասխանատու աշխատաձևը: Վերջերս հաճախ եմ նկատել, որ «Հայաստանի էլցանցեր» -ի աշխատակիցները տարբեր հանդիպումների և քննարկումների ժամանակ իրենց չափազանց վատ են դրսևորում’ մտածելով, թե իրենք են «ամեն ինչի տերը»: Նման պահելաձևն այսուհետ հսկվելու է, քանի որ մենք չենք կարող թույլատրել նման դեպքեր»,- ասաց Նազարյանը:

Նիստի ներկաներին հետաքրքրում էր հատկապես այն հարցը, թե հնարավոր է, որ ՀԷՑ-ի նկատմամբ կիրառված այս տուգանքը ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ տուգանքները պետք է վճարվեն միայն ընկերության շահույթի հաշվին, և դա չի կարող ազդել սակագների վրա:

ՀԾԿՀ որոշմամբ’ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել հանձնաժողովում կամ վարչական դատարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում