Թուրքիայում այրել են նախագահի քուրդ թեկնածուի բրոշյուրները

Թուրքիայում այրել են նախագահի քուրդ թեկնածուի բրոշյուրները

Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը թեւակոխել է լարված մթնոլորտ: Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը, երեկ բախում է տեղի ունեցել ծագումով զազա քուրդ Սալահեթդին Դեմիրթաշի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) և «Ժողովրդական ճակատ» խմբի անդամների միջև: Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Նուրթեփե փողոցում, որտեղ վահանակ են փակցրել Դեմիրթաշի համակիր ընտրողները, ինչն առաջացրել էր ազգայնական տրամադրություններ ունեցող «Ժողովրդական ճակատ» խմբի անդամների դժգոհությունը: Նրանց ներկայացուցիչների միջև լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:

Նշվում է, որ թուրք ազգայնականները ջարդել են Դեմիրթաշին գովազդող վահանակը և այրել նրա նախընտրական բրոշյուրները: «Ժողովրդական ճակատ» խմբի Twitter-ի էջում նշվել է, որ «թույլ չեն տա Չայան թաղամասում որևէ քաղաքական կուսակցության նախընտրական քարոզչություն անցկացնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում