ՀՀ-ում միայն Հայ առաքելական եկեղեցուն է իրավական դաշտում զգալի առավելություններ տրված. Պետդեպի զեկույցը.Tert.am

ՀՀ-ում միայն Հայ առաքելական եկեղեցուն է իրավական դաշտում զգալի առավելություններ տրված. Պետդեպի զեկույցը.Tert.am

Tert.am –փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով բյուրոն հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում կրոնական ազատության թեմայով 2013թ. զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին։

Ծավալուն փաստաթղթում նշվում է, որ թեև ՀՀ սահմանադրությունը պաշտպանում է քաղաքացու կրոնական ազատությունը, այնուհանդերձ որոշ օրենքներ սահմանափակում են այն։ Զեկույցի հեղինակները նշում են, որ 2013թ. արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ կրոնական փոքրամասնությունները խոչընդոտների են բախվել երկրպագության վայրեր կառուցելու հարցում, իսկ կրոնական փոքրամասնությունները ներկայացնող երեխաների դեմ դպրոցներում խտրական վերաբերմունք է կիրառվել։ Այս մասին հայտնի է դարձել Եվրոպայի խորհրդի անցկացրած ուսումնասիրության արդյունքում։

Նշվում է, որ մայիսին խորհրդարանը հավանություն է տվել այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, ինչի արդյունքում կրճատվել է այլընտրանքային ծառայության ժամկետը, ինչպես նաև ազատ են արձակվել բոլոր «Եհովայի վկաները», ովքեր, ելնելով իրենց կրոնական համոզմունքներից, հրաժարվել են ծառայել բանակում։

Փաստաթղթում ասվում է նաև, որ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները բախվել են հասարակության կողմից խտրականության, անհանդուրժողականության երևույթների։ Պետդեպի կարծիքով՝ Հայաստանում միայն Հայ առաքելական եկեղեցուն է իրավական դաշտում զգալի առավելություններ տրված։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


Հետևեք մեզ նաև Telegram-ում