Ռուսաստանը չի հրաժարվի իր կայսերական երազանքներից.«Առավոտ»

Ռուսաստանը չի հրաժարվի իր կայսերական երազանքներից.«Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին:

Եթե, այդպիսով, Ռուսաստանը դիմանա պատժամիջոցներին, և այդ երկրի քաղաքացիների կյանքը դրանց արդյունքում կտրուկ չվատանա, ապա Արևմուտքը կհասնի ճիշտ հակառակ էֆեկտի, և Պուտինի հանդեպ ռուսաստանցիների պաշտամունքը միմիայն կամրապնդվի ՝ «մեզ ծեծում են (մեղմ ասած), իսկ մենք ուժեղանում ենք» հայտնի բանաձևով:

Բայց եթե նույնիսկ ռուսաստանյան տնտեսությանը շատ ուժեղ վնաս հասցվի, մի՛թե պատժամիջոցները կհասնեն իրենց նպատակին: Ինչո՞ւ տնտեսական իրավիճակի վատթարացումը պետք է Պուտինին ստիպի, որ նա վաղը կամ մյուս օրը դադարի զինել Ուկրաինայի Արևելքում պատերազմ վարող ապստամբներին, չուղարկի այնտեղ ծանր զինտեխնիկա և ոուսաստանյան զինվորական մասնագետներին: Եթե դա է նպատակը, ապա տնտեսական պատժամիջոցների հեղինակները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք պարզապես անհույս գործ են բռնել: Չինովնիկներին և գործիչներին Արևմուտք չթողնելն ընդհանրապես լուրջ քայլեր չեն՝ զուտ խորհրդանշական դեր են խաղում:

Ռուսաստանն իր պատմության ընթացքում շատ ավելի թշվառ վիճակում շարունակում էր փայփայել կայսերական պատրանքներ և հիմա էլ չի հրաժարվի դրանցից: Ուրիշ հարց, եթե պատերազմը և, համապատասխանաբար, պատժամիջոցները տևեն, ասենք, 10 տարի, և Արևմուտքը նաև միջոցներ գտնի նավթի գինը գցելու»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում