Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդման միջոցառումների առաջարկությունները. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդման միջոցառումների առաջարկությունները. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն hուլիսի 30-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորել է նրան ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա կօգտագործի ԵԱՀԿ շրջանակներում ձեռք բերված փորձն իր առաքելության իրականացման ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, կարևորվել ԵՄ շարունակական աջակցությունը’ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Նախարար Նալբանդյանը հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար իրականացվող սադրիչ գործողություններին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց կողմերի հանձնառությունը’ զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում