Samsung-ը վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ կրճատել է զուտ շահույթը

Samsung-ը վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ կրճատել է զուտ շահույթը

Հարավային Կորեայի Samsung Electronics Co. ընկերությունը՝ աշխարհում ձեռքի հեռախոսների խոշորագույն արտադրողը, այս տարվա երկրորդ եռամսյակում զուտ շահույթը կրճատել է 19,6 տոկոսով, ընդ որում ցուցանիշի անկումը տեղի է ունեցել գրեթե երեք տարվա ընթացքում (2011 թվականի երրորդ եռամսյակից) առաջին անգամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, ապրիլ – հունիսին զուտ շահույթը կազմել է 6,25 տրիլիոն վոն (6,1 մրլդ դոլար)՝ անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի 7,77 տրիլիոն վոնի համեմատությամբ:

Գործառնական շահույթը նվազել Է 24,6 տոկոսով՝ մինչեւ 7,19 տրիլիոն վոն: Հասույթը կրճատվել է 8,9 տոկոսով եւ կազմել 52,35 տրիլիոն վոն: Երկրորդ եռամսյակում շարժական սարքերի ստորաբաժանման գործառնական շահույթը կրճատվել Է 30 տոկոսով՝ 6,28 տրիլիոն վոնից մինչեւ 4,42 տրիլիոն վոն:

Ընկերության թույլ ֆինանսական ցուցանիշների պատճառներ են դարձել, այդ թվում՝ Չինաստանում եւ Եվրոպայում ընկերության արտադրանքի պահանջարկի նվազումը, ինչը հարուցել Է պահեստներում արտադրանքի պաշարների ավելացում, ինչպես նաեւ հարավկորեական վոնի ամրապնդումը, հաղորդել է MarketWatch-ը:

Վերլուծաբանները կարծում են, որ Samsung-ը գործնականում այլ տարբերակներ չունի, քան սմարթֆոնների գների իջեցումը, քանի որ սպառողները գերադասում են գնել չինական բրենդների Էժան մոդելների սմարթֆոններ եւ պատճառ չեն տեսնում մի քանի անգամ ավելի վճարելու Galaxy-ի համար:

IDC հետազոտական ֆիրմայի գնահատմամբ՝ չնայած որ վաճառքի Է հանվել Galaxy S5 նոր սմարթֆոնը, ապրիլ – հունիսին Samsung-ի մատակարարումները կազմել են ընդամենը 74,3 միլիոն շարժական սարք, մինչդեռ շուկան սպասում Էր մոտավորապես 90 միլիոն:

Հուլիսի 31-ին կայացած սակարկությունների ընթացքում Samsung-ի բաժնետոմսերի գնանշումները նվազել են 3,9 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում