Քարվաճառում դեղատուն է գործում
Նմանատիպ
ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում այս տարվա սեպտեմբերի 1-ից սկսել է գործել դեղատուն: Շրջանի վերաբնակեցումից ի վեր այստեղ երբեւէ դեղատուն չի գործել, ինչը մեծ խնդիր էր տեղի բնակիչների համար. դեղորայք ձեռք բերելու համար կարիք էր լինում հասնել Ստեփանակերտ կամ Վարդենիս քաղաքներ:
«Հիմա դեղատանն առկա են հիմնականում առաջին անհրաժեշտության դեղեր», մեզ հետ զրույցում տեղեկացրեց դեղատան տնօրեն, անհատ ձեռներեց Աստղիկ Աբրահամյանը:
Չնայած դեղատունը դեռեւս մի քանի օր է աշխատում եւ տնօրենը պահանջարկի մասին այսօր շատ բան ասել չի կարող, բայց ըստ Աստղիկ Աբրահամյանի Քարվաճառում դեղատուն բացելու կարիքը հաստատ կար:
Դեղատանն առայժմ դեղեր չեն պատրաստվի, այլ միայն կվաճառվեն պատրաստի դեղեր, որոնք ներկրվում են Ստեփանակերտից:
«Քանի որ դեղերը չեն առաքվում, այլ մենք ենք գնում եւ բերում Ստեփանակերտից, գները հնարավոր է մի քիչ տարբերվեն, ճանապարհածախսի պատճառով որոշ դեղորայք այստեղ մի քիչ ավելի թանկ կլինի, քան Ստեփանակերտում», տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Շրջանի բնակիչները կարող են նաեւ դեղեր պատվիրել: «Այժմ էլ պատվերներ կան, դրանք մենք կբերենք-կհասցնենք Քարվաճառ», նշեց Աստղիկ Աբրահամյանը:
Քարվաճառ քաղաքում դեղատան մեծապես բացմանն աջակցել են Արցախի Կառավարությունն ու Արցախի Առողջապահության նախարարությունը:
Քարվաճառի հիվանդանոցի մանկաբույժ, գործադիր տնօրենի պաշտոնակատար Ստեփան Սարգսյանը մեզ հետ զրույցում շատ կարեւորեց տեղում դեղատան առկայությունը. սա առաջնային հանգամանք է’հիվանդների արագ ապաքինման համար:
«Եթե նախկինում մենք հիվանդին դեղ էինք նշանակում, եւ նա պետք է սպասեր մի քանի օր, մինչեւ այդ դեղն իրեն հասներ Ստեփանակերտից կամ Վարդենիսից, ապա հիմա նա անմիջապես, նշանակման նույն օրը կարող է ձեռք բերել իրեն անհրաժեշտ դեղորդայքը: Այսպիսով, բնականաբար, առավել կարագանա հիվանդի ապաքինման գործընթացը», նշեց բժիշկը:
Ստեփան Սարգսյանը նաեւ հատուկ շնորհակալություն հայտնեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին եւ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին’ Քարվաճառում դեղատան բացմանը մեծապես աջակցելու համար:
Տեղեկացնենք, որ դեղատան բացումը գոհունակությամբ է ընդունվել նաեւ Քարվաճառի բնակիչների կողմից, ովքեր այստեղ ապրելու առաջին օրերից զգացել են դրա կարիքը:
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում