Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ ՆԱՏՕ-ի կամ Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու վրա. Կորյուն Նահապետյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ ՆԱՏՕ-ի կամ Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու վրա. Կորյուն Նահապետյան

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկմանը ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մանրամասն անդրադարձավ Ուելսյան գագաթաժողովի շեշտադրումներին, ՀՀ-ի և Հարավային Կովկասի վրա ազդեցությանը և առհասարակ, կարևությանը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն վերադարձավ իր բուն՝ ռազմաքաղաքական էությանը, ինչից շեղվել էր.

«ՆԱՏՕ-ն միշտ էլ ընկալվել է որպես ռազմաքաղաքական կառույց, սակայն ժամանակ առ ժամանակ առկա էր նրա առաքելության բնույթի փոփոխություն ի օգուտ քաղաքական և նույնիսկ «փափուկ ուժի» տարրերի: Այս գագաթաժողովի ընթացքում շեշտը միանշանակորեն դրվեց արձագանքման ռազմական տարրի վրա: Այլ հարց է, թե որքանով են պատրաստ անդամ-երկրները համապատասխանեցնելու իրենց պաշտպանական կարողությունները ՆԱՏՕ-ի այժմյան պահանջներին: Բացի այս, գագաթաժողովում առանձնակի ուշադրություն դարձվեց գործընկերներին՝ միջազգային անվտանգության խնդիրներին համակարգային մոտեցում ցուցաբերելու շեշտադրումով, ընդ որում մոտեցումը ենթադրում է ոչ միայն ռազմական բաղադրիչ, այլև ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ճգնաժամերի կառավարում, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն: Այսինքն, թեպետ ՆԱՏՕ-ն վերականգնում է ավանդական ռազմական դաշինքի էությունը, առաջնային է համարում գործընկեր երկրներում բարեփոխումների իրականացումը»,-ասաց Նահապետյանը:

Թվարկելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հիմնական շեշտադրումները և օրակարգային հարցերը՝ ուկրաինական իրադարձությունների, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և խնդիրների հետ կապված, Կորյուն Նահապետյանն առանձնացրեց ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ ակնարկը.

«Չնայած ՆԱՏՕ-ն սառեցրել է Ռուսաստանի հետ ռազմական և քաղաքացիական համագործակցության բոլոր ոլորտները, ընդգծվեց, որ հաղորդակցման քաղաքական խողովակները մնում են բաց: Հայաստանի համար, բնականաբար, կարևոր է, որ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը պահպանեն երկխոսության խողովակը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ ՆԱՏՕ-ի կամ Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու վրա: Հայաստանը պարզ գիտակցում է ազգային անվտանգության իր պահանջները, իսկ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը իրենց հերթին կարևորում են Հայաստանի դերակատարությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության գործում»:

 

Անդրադառնալով Ուելսյան գագաթաժողովի նշանակությանը Հարավային Կովկասի համար, Կորյուն Նահապետյանը նկատեց, որ թեև Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար ունի մեծ նշանակություն, սակայն, դաշինքը դեռևս չունի միասնական ռազմավարություն տարածաշրջանում:

Ըստ նրա՝ դեռևս 2010թ.-ին ՆԱՏՕ-ի Ռազմավարական հայեցակարգում Կովկասում թվարկվում էին մի շարք սպառնալիքներ՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածում, ահաբեկչություններ, հակամարտություններ, սակայն ՆԱՏՕ-ի՝ տարածաշրջանով հետաքրքրվածությունը պայմանավորված է ոչ այնքան այդ սպառնալիքներին ուղղակիորեն դիմագրավելու, որքան տարածաշրջանի երկրների կողմից միջազգային անվտանգության մեջ ներդրում ունենալու տեսանկյունից:

Խոսելով գագաթաժողովում ՀՀ-ի մասով տեղի ունեցածից կամ այդտեղ ՀՀ-ի արձանագրած հաջողությունից, Կորյուն Նահապետյանը շեշտեց, որ Ադրբեջանը ցանկանում էր առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխման անհրաժեշտությունը, որը նրան չհաջողվեց:

«Հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ու տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից է, չնայած, որ ՆԱՏՕ-ն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ, և իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով և որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին:

Այստեղ կցանկանայի մեջբերել գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի՝ մեզ համար կարևորագույն 30-31 կետերին, որոնցում ՆԱՏՕ-ն, նախ իր մտահոգությունն է հայտնում Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների կապակցությամբ, վերահաստատելով աջակցությունը գործընկերներին՝ իրականացնելու անկախ և ինքնիշխան արտաքին և անվտանգության քաղաքականության ընտրություններ:

Դաշինքը հավաստում է իր աջակցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Հռչակագրի 30-րդ կետում արտահայտված ձևակերպումները իրենց բացատրությունն են ստանում 31-րդ կետում, որում, փաստացիորեն շարունակելով 30-րդ կետում շարադրվածը՝ մեջբերում եմ. «Այս ենթատեքտսում, մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայում, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, հիմնվելով այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա»,-մանրամասնեց նա:

Այս համատեքստում ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը միաժամանակ հայտարարեց, որ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում՝ քաղաքական որոշ զարգացումների պայմաններում նշելով տարածքային ամբողջականության մասին, սակայն ուղղակիորեն չխոսելով ազգերի ինքնորոշման և ժողովուրդների հավասար իրավունքների մասին, որն անօտարելի իրավունք է միջազգային իրավունքի տեսակետից՝ նկարագրված ինչպես ՄԱԿ-ի կանոնադրությունում, այնպես էլ՝ Հելսինկիի եզրափակիչ ակտում:

«Եվ բնական էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը հստակորեն նշեց, որ այսպիսի ընտրողական մոտեցումը չի համապատասխանում ոչ եռանախագահների կողմից արված առաջարկներին, ոչ էլ այն բազմաթիվ հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում’ ԵԱՀԿ շրջանակներում:

 

Մենք կարծում ենք, որ նման ընտրողական մոտեցումը կարող է էական վնաս հասցնել բանակցային գործընթացին, տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը։ Մասնավորապես, երկակի ստանդարտների թույլատրման և ընդհանուր բնորոշումների պայմաններում Ադրբեջանը ավելի և ավելի է կտրվում իրականությունից, և իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման’ միջազգային հանրության մոտեցմանը»,-լրացրեց Նահապետյանը:

Հանդիպմանը չանտեսվեց նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության  հարցը: Նահապետյանը հորդորեց Հայաստանի Հանրապետության՝ ՄՄ-ին անդամակցելու որոշումը չդիտարկել որպես Հյուսիսատլանտյան դաշինքի հետ զարգացող հարաբերությունների արդյունավետությունն իջեցնող կամ կանխող գործոն՝ վստահեցնելով, որ Հայաստանը շարունակելու է իր փոխլրացնող քաղաքականությունը.

«Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունի ինքնիշխան իրավունք՝ ինքնուրույնաբար ընտրելու անվտանգության այն համակարգերը, որոնց կազմում տվյալ պետության ժողովուրդը ընտրություն է կատարել լինելու: Միաժամանակ մենք կարծում ենք, որ նման ընտրությունը չպետք է լրացուցիչ անվտանգության խնդիրներ առաջացնի ինչպես տարածաշրջանային երկրների, այնպես էլ համաշխարհային անվտանգության համակարգերի միջև լարվածություն, անգամ հնարավոր բախումներ առաջացնելու տեսակետից»,-ամփոփեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում