Եվրախորհրդարանում քննարկվում է Ադրբեջանին քննադատող բանաձև

Եվրախորհրդարանում քննարկվում է Ադրբեջանին քննադատող բանաձև

Ադրբեջանում ընթացող բռնաճնշումների հետ կապված քննարկումներ են անցկացվում Եվրախորհրդարանում: Նախատեսվում է’ որպես քննարկումների արդյունք, որոշում ընդունել: Եվրոպայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների պատրաստած որոշման նախագիծը տեղադրվել է կառույցի կայքում: Նախագծում տեղ են գտել Ադրբեջանում իրագործվող ռեպրեսիաները, այդ թվում’ իրավապաշտպանների ձերբակալությունները, ազատ մամուլի նկատմամբ ճնշումները, ոչ կառավարական կազմակերպությ ուններին լռեցնելը: Այլ հարցերին զուգահեռ առաջարկվում է Ադրբեջանի չինովնիկների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Եվրախորհրդարանում քննարկման հանված որոշման նախագիծը:

Նախագծում մեկ առ մեկ ներկայացվում են եվրոպական կառույցների առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, եւ հիշեցվում, որ ադրբեջանական իշխանությունները կյանքի չեն կոչում դրանց գերակշիռ մեծամասնությունը:

Նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանում աճել են հասարակական եւ քաղաքական ակտիվիստների, ոչ կառավարական կազմակերպությունների, իրավապաշտպանների, երիտասարդների, մամուլի օրգանների, ընդդիմադիր ուժերի, սոցիալական ցանցերի ակտիվիստների եւ լրագրողների դեմ աննախադեպ ճնշումներն ու ձերբակալությունները:

Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանությանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղաքացիական հասարակության ձերբակալված ակտիվիստներին, չեղյալ համարել նրանց նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրանքները, գտնել եւ պատժել բոլոր իրական մեղավորներին, վերացնել ԶԼՄ-ների գրաքննչությունը, վերջ դնել հասարակական կազմակերպությունների, ազատ մամուլի, ընդդիմադիր ուժերի,կ իրավապաշտպանների, երիտասարդների եւ սոցցանցերի ակտիվիստների դեմ ռեպրեսիաներին:

Կոչ է արվում դադարեցնել Եվրահանձնաժողովի’ հարեւանության քաղաքականության շրջանակում Ադրբեջանին հատկացվող ֆինանսավորումը:

Եվրահանձնաժողովի անդամ երկրներին եւ Եվրամիությանը կոչ է արվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը:

Եվրամիությանը եւ անդամ երկրներին կոչ է արվում ուժեղ քաղաքական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի անկախ կազմակերպություններին, ինչպես նաեւ ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի կառավարության առաջ բարձրացնել ռեպրեսիաները դադարեցնելու հարցը:

Հիշեցնելով 2012 թվականի մայիսի 24-ի հայտարարագիրը, նախագծում Եվրամիության խորհրդին կոչ է արվում Ադրբեջանում ռեպրեսիաները շարունակվելու դեպքում բարձրացնել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվություն կրող անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Նախագծում պատգամավորները Եվրախորհրդարանի նախագահին խորհուրդ են տալիս վերջնագիրն ուղարկել Եվրոպայի արտաքին հարաբերությունների ծառայությանը, Եվրամիության խորհրդին, Եվրահանձնաժողովին, Ադրբեջանի կառավարությանը եւ խորհրդարանին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:

Քննարկումներին մասնակցած բանախոսները կարծում են, որ չնայած Ադրբեջանը դեպի Եվրոպա գազի մատակարար է, պետք է դադարեցնել նրա հետ ռազմավարական եւ առեւտրային համագործակցությունը, մինչեւ Ադրբեջանը չհարգի մարդու իրավունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում