«Այս դեպքը Արցախի ՊԲ-ի կողմից անպատիժ չի մնա». Սեյրան Օհանյանը՝ զինծառայողի մահվան մասին

«Այս դեպքը Արցախի ՊԲ-ի կողմից անպատիժ չի մնա». Սեյրան Օհանյանը՝ զինծառայողի մահվան մասին

«Սա հետևանք է այն բանի, որ մեր հարևանը միշտ բացառել է վստահության մթնոլորտի ստեղծման միջոցառումների իրականացումը՝ դիպուկահարների դուրսբերում,  դիվերսիոն գործողություններից հրաժարում և սահմանային միջադեպերի միջազգային հետաքննության անցկացում: Ամեն անգամ այդ խախտումները հենց այնպես անցնում են և միջազգային ասպարեզում անարձագանք։ Դրանք վերլուծության հիմք են դառնում ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ-ի հրամանատարության համար: Ուստի այլ բան չի մնում, քան ինքնուրույն կանխել և պատժել: Ես համոզված եմ, որ այս դեպքը Արցախի ՊԲ-ի կողմից անպատիժ չի մնա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով հակառակորդի գնդակից Արցախում զինծառայողի մահվան վերջին դեպքին:

Նախարար Օհանյանն այս համատեքստում հիշեցրեց, որ առջևում նախագահների մակարդակով ևս մեկ հանդիպում է սպասվում և ինչպես միշտ Ադրբեջանը նման միջոցառումներից, հանդիպումներից առաջ փորձում է լարվածություն ստեղծել սահմանին:

«Ադրբեջանի անպատասխանատու գործողությունները հանգեցնում են երկուստեք կորուստների: Մեր զինվորի կյանքը մեզ համար չափազանց թանկ է, այդ նրանք են, որ չեն գնահատում իրենց զինվորի կյանքը»,-ամփոփեց նախարարը:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորվել է 1990թ. ծնված ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում