Գնդակը հայկական դաշտում է. Իրանի դեսպանի ակնարկը՝ նախագահ Ռոհանիի այցի հետ կապված

2013-ի օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թեհրանում հանդիպեց ԻԻՀ այդ ժամանակ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին: Իսկ Ռոհանիի` Հայաստան այցի հրավերը Իրանի նախագահին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` այս տարվա մայիսին ԻԻՀ կատարած այցի ընթացքում:

Դրանից հետո ամեն պատեհ առիթի ՀՀ-ում Իրանի դեսպանը վստահեցնում է, թե նախագահ Ռոհանին անպայման այցելելու է Հայաստան, սակայն, ժամկետը դեռ պարզ չէ: Ուշագրավ է այն, որ Իրանի նախագահի այցի օրը չհստակեցնելու և այսպես ասած՝ Հայաստան չշտապելու վերաբերյալ ամեն անգամ տարբեր պատճառներ են նշվում: Օրինակ, ամիսներ առաջ դեսպան Ռեյիսին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված նախագահը խիստ զբաղված է, ասել է թե՝ ստիպված է աշխատել չափազանց խիտ գրաֆիկով:

Երեկ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան կատարած այցի ժամանակ  լրագրողների հետ ճեպազրույցում իրանցի դիվանագետը կոպիտ ասած՝ հասկացրեց, որ գնդակը հայկական դաշտում է, այսինքն՝  իրավաբան, միջազգայնագետ Ռոհաննի որոշումը կախված է ՀՀ իշխանությունների պատրաստ լինելուց, իսկ դեսպան Ռեյիսիի միջոցով մեր ուղղությամբ բազմաթիվ «ձեռնոցներ» են նետվել՝  էժան գազ, դեպի Եվրոպա իրանական գազի տեղափոխման տարանցիկ երկիր դառնալու  հնարավորություն և այլն:

«Դուք գիտեք, որ նախագահների այցելության համար պետք են հատուկ
ծրագրեր և ծրագրերի մշակում: Այդ ժամկետը երբ հստակեցվի, մենք տեղյակ
կպահենք: Սովորաբար այս այցերը կատարվում են երկկողմ»,-շեշտեց դեսպանը:

Ի դեպ, երբ հարց ուղղվեց, թե որևէ արձագանք ստացվե՞լ է ՀՀ կառավարությունից,  դեսպանն ակնարկեց, որ չնայած անպատասխան առաջարկներին, հարցը փակված չէ և, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում հնարավոր է որևէ նորություն լինի:

Այստեղ հարկ է հիշեցնել նաև ՀՀ Անկախության տոնին ԻԻՀ նախագահի շնորհավորական ուղերձը, որտեղ Ռոհանին հույս է հայտնում, որ երկու երկրների պատասխանատու պաշտոնյաների ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները կընդլայնվեն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների փոխադարձ
շահերը:

Չմոռանանք, որ երբեմնի պատասխանատուներից  էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը դեսպանին Ռեյիսիին մեղադրել էր ստախոսության մեջ, երբ վերջինը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե պատրաստ են հարևան Հայաստանին էժան գազ տալ, ասենք՝ 100 դոլարով:

Համագործակցության բավականին հարուստ օրակարգ ունենալով, որի մասին մեկ տարի առաջ նկատել էին երկու երկրների նախագահները և, որը ենթադրում է մի շարք խոշոր նախագծերի իրականացում, հայ-իրանական հարաբերությունները որակական նոր փուլ ոչ մի կերպ չեն մտնում, այն դեպքում, երբ Իրան- Արևմուտք, Իրան-Ռուսաստան հարաբերություններում եղանակ է փոխվել: Թե ի՞նչու, ինչն է խանգարում՝ հայկական կողմը լռում է, այնպես, ինչպես  լռեց՝ չասելով, թե ինչու վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախապես հայտարարված այցը սեպտեմբերի 15-ից 17-ը Իրան չկայացավ: Փոխարենը որոշ վերլուծաբաններ այս ամենին եվրասիական, ռուսական երանգ են հաղորդում, ինչը, թերևս, չի կարելի բացառել, հատկապես, երբ Իրանի հետ էնէրգետիկ շահերը բախվում են ՌԴ-ին առնչվողի հետ: Չնայած ամիսներ առաջ լրագրողների հետ հանդիպմանը դեսպան Ռեյիսին այս առնչությամբ նկատեց.

«Մենք Ռուսաստանի հետ ունենք լավ հարաբերություններ, Իրանը և Ռուսաստանը էներգակիրների, հատկապես գազի ոլորտում կարող են լավ համագործակցել: Եթե կստեղծվի համապատասխան ենթակառուցվածք, այսինքն, համապատասխան տրամագծի խողովակաշար, որևէ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու»:

Ինչ վերաբերում է ՄՄ-ի տարածքի բաղկացուցիչ մաս դառնալուց բխող խնդիրներին, դեսպանն ասաց, որ չի կարող խոսել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունից Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, քանի դեռ ամբողջովին ներկայացված չէ, թե իրենից ինչ է ներկայացնում ՄՄ-ն, քանի դեռ փաստաթուղթը չեն ուսումնասիրել, շոշափել: Միաժամանակ, դեսպանն ինչպես ասում են՝ չգցեց մեր իշխանություններին կամ գուցե մեսիջ ուղարկեց՝ շեշտելով, թե չի կասկածում, որ Հայաստանի իշխանությունները որոշում կայացնելիս հաշվի են առնում պետության  շահերը: Թե որքանով կշահենք Եվրասիական տնտեսական միություն գնալով, ցույց կտա ժամանակը, հետո դեռ պիտի այն իր իրավական ամրագրումը ստանա, իսկ Իրանի դեսպանը մեկ անգամ չէ, որ առաջարկել է ստորագրել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր՝ դժգոհելով ապրանքաշրջանառության ներկա ծավալներից և սակագնային քաղաքականությունից:

Քանի որ մենք յուրաքանչյուր քայլ պայմանավորում ենք երկրի անվտանգության խնդրով,  հարկ է հիշեցնել, որ Իրանը ԼՂՀ հարցում կիսում է ըստ էության մեր դիրքորոշումը՝ գտնելով, որ ազատագրված տարածքներն ավելի ընդգրկուն պիտի լինեին, Իրանը նաև դեմ է երրորդ ուժի տեղակայմանը տարածաշրջան:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում