Անկարան շանտաժի է գնում՝ ցույց տալով, որ հայկական հարցը չի կարող զսպող գործոն հանդիսանալ իր համար. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն առավել քան համոզված է՝ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը կազմակերպվել է Թուրքիայի կողմից։ Անկարան, ըստ նրա, երկար է նախապատրաստել ահաբեկչական այդ գործողությունը՝ հաշվի առնելով ամեն ինչ՝ եկեղեցու վայրը, նշանակությունը, պայթեցման օրն ու ժամը։ Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետն ընդգծեց, թե պաշտոնական Անկարան բացահայտ շանտաժի է գնում՝ հերթական անգամ ցույց տալով, որ հայկական հարցը չի կարող զսպող գործոն հանդիսանալ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համար: Իսկ ստեղծված իրավիճակի միակ ելքը, նրա խոսքով, Թուրքիայի վրա միջազգային ճնշման նոր ալիքի բարձրացումն է։

-Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, ՀՀ Անկախության օրը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումն արդյո՞ք զուգադիպություն կարելի է համարել։

– Առավել քան համոզված եմ, որ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը կազմակերպվել է Թուրքիայի կողմից: Ընդ որում, պաշտոնական Անկարան երկար է նախապատրաստել ահաբեկչական այդ գործողությունը: Հաշվի է առնվել ամեն ինչ՝ եկեղեցու վայրը, նշանակությունը, պայթեցման օրն ու ժամը: Չեմ բացառում անգամ, որ վայրագության կատարողներն էլ հենց Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները լինեն, այլ ոչ թե ISIS-ի գրոհայինները:

-Կարելի՞ է ասել, որ դրանով հատուկ ակնարկ է ուղղված ոչ միայն ՀՀ-ին, այլ ողջ հայությանը։

– Նման գործողություններով Թուրքիայի իշխանությունները մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետությանը, սպառնում նրա անվտանգությանը: Հարձակման թիրախում հայ ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքներն են ու արդարության վերականգնման համար մղվող պայքարը: Պայթեցնելով Դեր Զորի եկեղեցին՝ Թուրքիան հստակ ակնարկ է անում այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ հակամարտության և թշնամանքի դաշտում: Նման կերպ նրանք, կարծես, փորձում են հասկացնել, որ Ցեղասպանության խնդրի հետագա բարձրացումը միջազգային ատյաններում էլ ավելի կսրի երկու երկրների հարաբերությունները: Այսինքն՝ պաշտոնական Անկարան բացահայտ շանտաժի է գնում՝ հերթական անգամ ցույց տալով, որ հայկական հարցը չի կարող զսպող գործոն հանդիսանալ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համար:

-Իսկ ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից։

-Ստեղծված իրավիճակի միակ ելքը Թուրքիայի վրա միջազգային ճնշման նոր ալիքի բարձրացումն է: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ անպատժելիության զգացողություն ստանալուց հետո Թուրքիայի հաջորդ քայլն արդեն ուղղված է լինելու ոչ միայն հայ ժողովրդի, այլև Հայաստանի Հանրապետության դեմ: Չի կարելի թույլատրել, որպեսզի Անկարայում կարծեն, թե հայկական հարցը հնարավոր է լուծել՝ մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը ոչնչացնելով, սպառնալով կամ վախեցնելով: Սա բացարձակ անընդունելի տարբերակ է ոչ միայն պաշտոնական Երևանի, այլև մեր տարածաշրջանում քիչ թե շատ լուրջ շահեր հետապնդող ցանկացած այլ տերության համար: Հետևաբար` պետք է կոնսոլիդացնել բոլորիս ջանքերը՝ զսպելու համար Թուրքիայի ագրեսիվ և էքսպանսիոնիստական բնույթ կրող քաղաքականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում