«Եթե մի բանի պետք ունենա, ԱՄՆ-ը չի, որ հասնելու է օգնության. զենքն ու գազը Մոսկվայից է գալու».Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի  հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Times.am-ի հարցերին:

– Ի՞նչ խնդիրներ կան ՀՀ իշխանությունների և Սփյուռքի միջև, վերջին տարիներին այդտեղից եկող դժգոհությունները հաճախակիացել և սրվել են: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն սահմանը, որ Հայաստանից դուրս ապրողն իրավունք ունի մտնելու և քննադատելու և, ո՞րն է այն սահմանը, որը պիտի ընկալելի լինի ՀՀ-ում ապրողի համար:

Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, սա իմ հայրենիքն է և ես լրիվ իրավունք ունեմ թե  կարծիք հայտնելու, թե քննադատելու և ոչ մեկ ինձ չի կարող լռեցնել: Ասում են՝ եթե ուզում ես ինչ-որ բան անել, ուրեմն՝ այստեղ ապրի, ասեմ, որ ես արդեն ՀՀ քաղաքացի եմ, անձնագիր ունեմ: Բայց, եթե անգամ չունենայի, որպես հայ իրավունք ունեմ խառնվելու բոլոր հայկական հարցերին: Այո, էդ իրավունքն ունեմ,  Հայաստանի ժողովուրդն էլ  իրավունք ունի կարծիք հայտնել Սփյուռքի մասին, որովհետև նույն ժողովուրդն ենք: Ամեն հայ իրավունք ունի, ամեն հայ պիտի մտահոգ լինի, ամենավատ հայն անհոգ հայն է, որից ոչ մի բանի օգուտ չունենք: Եկեք չբաժանենք՝ Սփյուռքի հայ, Արցախի հայ…տասը միլիոն հայ ենք, բոլորս էլ հավասար ենք: Ոչ մեկը մյուսից ավելի կամ պակաս հայ չէ, ավելի կամ պակաս հայրենասեր չէ: Գուցե որոշ մարդկանց ձայնն ավելի լսելի է՝ պաշտոնի, փորձի, կշիռի պատճառով, բայց ես մեկն եմ տասը միլիոն հայերից և հավասար եմ:

-Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախ ընտրել միայն Թուրքիային,  այնինչ այսօր Հայաստանի առաջին թշնամին և անվտանգությանը սպառնացողը Ադրբեջանն է: Սրան գումարած չմոռանանք, որ Թուրքիան հանուն Ադրբեջանի ակտիվ պայքար է մղում:

Ձեր ասածը շատ ճիշտ է, դրա համար լուրջ պատճառ կա: Սփյուռքն արդյունքն է Ցեղասպանության և միայն Թուրքիային էր ցեղասպան ճանաչում, քանի որ իր վրա կրում է  այդ Ցեղասպանության հետքերը: Ուստի նրանք, ովքեր կենդանի են մնացել Թուրքիայի դեմ են պայքարում: Սփյուռքի հայն ադրբեջանցու հետ կռիվ չի ունեցել, նրա դեմ երես առ երես չի կանգնել, Ադրբեջանի անունը միայն քարտեզից գիտեինք: Իհարկե, լսել էինք Արցախի պատերազմի մասին և թեև քիչ թվով, բայց Սփյուռքի հայերից էլ են մասնակցել, կրկնում եմ՝ ազերիների դեմ երես առ երես կռիվ չենք ունեցել: Սակայն,  վերջին տարիներին փորձում ենք Արցախի անկախությունը ճանաչել տալ, արդեն շատ քաղաքներ, նահանգներ ճանաչել են: Օրեցօր մեծանում է Սփյուռքի հայերի թիվը, որոնք մասնակցում են հակաադրբեջանական պայքարին: Ալիևը մեզ ևս թշնամի է համարում, ուստի Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում, որ պայքարի ամերիկահայերի դեմ, հիմա մենք շարունակում ենք հակաթուրքական պայքարը, բայց նաև ավելացրել ենք մեր հակաադրբեջանական պայքարը:

– Վերադառնալով ձեր սկզբնական մտքին, որ իրավունք ունեք կարծիք հայտնելու և խառնվելու  հայկական բոլոր հարցերին, Հայաստանի ռուսական ընտրությունն ինչպե՞ս ընդունվեց Սփյուռքի, մասնավորապես՝ ամերկահայության կողմից:

Նուրբ հարց է: Հայաստանը պատկանում է ոչ թե եվրոպական  ոլորտին, այլ գտնվում է ռուսական ազդեցության ոլորտում և հազար ու մի ձևով կապվել է ՌԴ-ի հետ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, մշակութային՝ սկսած դեռևս ցարական, խորհրդային տարիներից: Հավանենք, թե չհավանենք, դա է աշխարհաքաղաքական ոլորտը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կա: Եթե մի բանի պետք ունենա, ԱՄՆ-ը  չի, որ հասնելու է Հայաստանին օգնության, եթե զենք ուզենա գնել՝ պիտի առնի Մոսկվայից և ոչ Վաշինգտոնից, եթե գազ ուզենա՝ դա չի գալու ԱՄՆ-ից կամ  Անգլիայից, այլ ՌԴ-ից: Այսինքն՝ Հայաստանը լրիվ կապվել է Ռուսաստանի հետ, չի կարելի  այդքան կապվել, հետո ասել, որ մենք կապ չունենք այդ շրջանի տնտեսական համակարգի հետ և պետք է կապվենք Եվրոպայի հետ: Այլ հարց է, որ չպետք է լինենք ռուսամետ և ոչ էլ հակառուս,  պետք է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ և բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ, դա հնարավորինս արվում է:  Սակայն, ՌԴ-ն ուզում է, որ լրիվ լինենք իր ազդեցության տակ: Սա Ռուսաստանի շահն է պահանջում, բայց մեր շահը, որ լինենք բոլորի հետ: Բայց, անշուշտ, ստիպողաբար մեծ մասը պիտի լինի ռուսամետ քաղաքականություն:

 ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում