Բոլոր հարցերը զարգանում էին մեկ հիմնական առանցքի շուրջ. քաղաքագետը՝ Նախագահի ելույթի մասին

Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում արծարծված բոլոր հարցերը զարգանում էին մեկ հիմնական առանցքի շուրջ՝ հայկական պետությունների անվտանգության։ Ըստ նրա՝ Նախագահը հարցին մոտեցել է տարբեր կողմերից՝ հայ-թուրքական հարաբերություններ, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորում, Ցեղասպանության ճանաչում և դատապարտում, զարգացումներ Մերձավոր Արևելքում և այլն, և այս բոլոր զարգացումներն անմիջական առնչություն ունեն հիշատակված գլխավոր հիմնախնդրին:

-Պարոն Մելիք-Շահնազարյան, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը բավական ծավալուն և բովանդակալից էր: Ըստ Ձեզ, հիմնական ի՞նչ «մեսիջներ» էր երկրի ղեկավարը փորձում փոխանցել միջազգային հանրությանը:

-Այո, ճիշտ եք: Նախագահի ելույթը բազմաբովանդակ էր: Բայց արծարծված բոլոր հարցերը զարգանում էին մեկ հիմնական առանցքի շուրջ՝ հայկական պետությունների անվտանգության: Ահա այն հիմնական խնդիրը, որի մասին ՄԱԿ-ում խոսել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հարցին մոտենալով տարբեր կողմերից: Հայ-թուրքական հարաբերություններ, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորում, Ցեղասպանության ճանաչում և դատապարտում, զարգացումներ Մերձավոր Արևելքում և այլն: Այս բոլոր զարգացումներն անմիջական առնչություն ունեն հիշատակված գլխավոր հիմնախնդրին: Եվ շատ կարևոր է, որ երկրի առաջնորդն ամեն ինչ այդքան համակարգված և հիմնավորված ներկայացրեց աշխարհի ամենաբարձր քաղաքական ամբիոնից: Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի այս խոսքը պետք է դասել նրա հաջողված ելույթների շարքին: Երեկ մենք տեսանք տարածաշրջանում ուժեղ դիրքեր ունեցող և այդ դիրքերից համապատասխան պահանջներ և ամբիցիաներ ներկայացնող Նախագահ, որի ուշադրության կենտրոնում էին ոչ միայն իր երկրի առջև ծառացած խնդիրները, այլև հարակից տարածաշրջանների զարգացումները:

-Հայ-թուրքական արձանագրությունների մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները հասարակական լայն արձագանք են գտել: Նախագահն ասաց, որ Երևանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: Սա Թուրքիային ուղղված սպառալի՞ք էր:

-Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին միայն ետընթաց են ապրել: Չեմ կարծում, թե Երևանում որևէ մեկը դեռ սպասում է Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացմանը: Պաշտոնական Անկարայի դիրքորոշումը պարզ է, Երևանինը՝ նույնպես: Վստահ եմ՝ արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշում արդեն կա: Պարզապես այս պարտիան պետք է գեղեցիկ ավարտ ունենար, և աշխարհը համոզվեր, թե երկու կողմերից ով էր, որ տապալեց հաշտեցման գործընթացը:

Իրականում Թուրքիայի հետ քաղաքական օրակարգը վաղուց է դուրս եկել Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների շրջանակից: Այսօր, երբ կանգնած ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, տեսնում ենք, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայության և Հայաստանի Հանրապետության համար: Օրեր առաջ Դեր Զորում պայթեցվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Ակնհայտ է, որ հենց Թուրքիան է աջակցում այսպես կոչված «Իսլամական պետության» գործողություններին: Վստահ եմ, որ եկեղեցու ոչնչացման միտքը նույնպես հղացվել է Անկարայում: Ավելի վաղ, Թուրքիան իր տարածքը տրամադրել էր գրոհայիններին հայկական Քեսաբի վրա հարձակվելու համար: Այսինքն, այդ պետությունը հայերին վնասելու ոչ մի հնարավորություն բաց չի թողնում: Հետևաբար` անհրաժեշտ է էլ ավելի ակտիվացնել Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելուն ուղված ջանքերը: Ահա այդ խնդիրն էր լուծում նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:

-Նախագահի խոսքում լուրջ քննադատություն կար նաև Ադրբեջանի հասցեին: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմը լուրջ սպասելիքներ չունի բանակցային գործընթացից:

-Նախագահ Սարգսյանը հմտորեն ցույց տվեց, որ Թուրքիան և Ադրբեջանը համակարգում են իրենց գործողությունները Հայաստանի դեմ: Ըստ էության, դժգոհությունն ուղղված էր ոչ թե Ադրբեջանին, այլ միջազգային հանրությանը, որի հաճախ անտարբեր վերաբերմունքը Ալիևի մոտ ամենաթողության տպավորություն է ստեղծել: Նախագահի մոտեցումներում այս գաղափարը նորություն չէ: Նա հաճախ է օգտագործել նման բարձր ամբիոններ՝ Հայաստանի դիրքորոշումն ու պահանջները տեղ հասցնելու համար: ՄԱԿ-ում նա նույնը արեց, բայց Ադրբեջանի միջազգային վարկանիշի և հեղինակության՝ մեզ համար շատ ավելի բարենպաստ ընկալման պայմաններում: Իրոք, Ալիևի վարչակազմը լիովին վարկաբեկել է ինքն իրեն: Այդ երկրի բռնապետական բնույթի մասին շատ բաց և առանց լրացուցիչ քաղաքավարության են խոսում արդեն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երեկվա ելույթն ասվածի վառ ապացույցն է: Եվ սխալ կլիներ Ադրբեջանի իշխանություններին մեկուսացնելու նպատակով այս իրողություն չօգտագործելը:

Ինչ վերաբերվում է բուն բանակցային գործընթացին, ապա ակնհայտ է, որ Նախագահ Սարգսյանը հետևողականորեն կոտրում է հակառակորդի բանակցային դիրքորոշումը: Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին տեղի ունեցած փաստացի մինիպատերազմն իրավիճակ է փոխել բանակցությունների սեղանին: Հայկական դիվանագիտությունն այժմ մարտի դաշտում ձեռքբերված հաջողությունները կապիտալիզացնում է բանակցային գործընթացում: Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Սերժ Սարգսյանը ծաղրել Ալիևի այն մոտեցումը, իբր Ադրբեջանի միակ զիջումը պատերազմի չվերսկսումն է: Իբր ադրբեջանցիները ցանկացած պահի կարող են ռազմական ճանապարհով խնդիրը հօգուտ իրենց լուծել: Հիմա հերթը իրավական և քաղաքական դաշտում Ադրբեջանի՝ ստի և կեղծիքի վրա հիմնված քաղաքականության մերկացումն է: Կարևոր է, որ հենց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Նախագահը խոսեց ՄԱԿ-ի այն հայտնի բանաձևերի մասին, որոնց հաճախ հղվում է Իլհամ Ալիևը: Նման կերպ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ որևէ խնդիր հայկական կողմն այդ հարցերում չունի:

Բայց Արցախի հիմնախնդրի հետ կապված Նախագահ Սարգսյանը մեկ շատ ավելի կարևոր հայտարարությամբ ևս հանդես եկավ Նյու Յորքում: Նա ասաց, որ Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Կարծում եմ, որ սրանից կարևոր հայտարարություն Նախագահը պարզապես չէր կարող անել:

-Դուք նշեցիք նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ի դեմս Սերժ Սարգսյանի տեսաք տարածաշրջանային քաղաքականության մեջ հավակնություններ ունեցող երկրի առաջնորդի: Խոսքը Մերձավոր Արևելքի զարգացումներին վերաբերող նրա դիտարկումների՞ն է վերաբերվում:

-Մեծամասամբ՝ այո: Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ Սիրիայում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում Հայաստանը ունի քաղաքական շահ և այդ շահն արտահայտող ու կրող հայություն: Խոսելով Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ողբերգության մասին՝ Հայաստանի առաջնորդը նշեց, որ այդ իրավիճակը «պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու մեր համատեղ հանձնառությունների շրջանակում»: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ այս արտահայտությունն արվել է Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության մասին Նախագահի խոսքի ֆոնին, ապա պարզ կլինի, որ որպես Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնող գործոն Նախագահ Սարգսյանը մատնանշում է նաև Թուրքիային: Ավելին՝ Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց, որ Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության դեմ Հայաստանը պայքարելու է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև բոլոր այն վայրերում, որտեղ առկա է հայկական շահ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում