Ինչպե՞ս կարձագանքի ԲՀԿ-ն ՀԱԿ պահվածքին

Աբովյան քաղաքում նախօրեին տեղի ունեցած հանրահավքը հերթական անգամ բացահայտեց իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերի որոշ առաջնորդների դատարկությունն ու անսկզբունքայնությունը։ Սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր շատ դիպուկ են բնութագրել, օրինակ, Վարդան Օսկանյանի և Արամ Մանուկյանի միևնույն հարթակում հայտնվելու փաստը։ Երկուսն էլ արժանացել են օգտատերերի, մեղմ ասած, բավական կոլորիտային արտահայտություններն։ Մեծ բան չէր պատահածը։ Մարդիկ պարզապես ուզում էին հասականալ, թե ի՞նչ եղավ Մարտի 1-ի հետ կապված նույն Արամ Մանուկյանի` Օսկանյանին ուղղված նախկին մեղադրանքների հետ։ Ուրիշ մեկ հարց ևս կար։ Բայց այն թերևս հռետորական էր և այսպես էր հնչում. «Տղերք, դուք բարոյականություն գոնե մի քիչ ունե՞ք»։

Սոցցանցերի օգտատերերի այս մեղադրանքներն հասկանալի են: Մարդիկ ուզում են տեսնել հստակ ծրագրեր, սկզբունքներ, քաղաքական գիտակցություն ունեցող առաջնորդների: Փոխարենը նրանց մատուցում են բեմհարթակից հայհոյող, սեփական խոսքը չվերահսկող, իրենք իրենց լիովին վարկաբեկած էակներ: Եվ ուրեմն ի՞նչ սպասել նման ընդդիմությունից:

Իրականում սակայն, ամեն ինչ ավելի պարզ է, քան կարող է թվալ: Հայտնի խոսքն այն մասին, որ փաստարկների բացակայությունը մարդկանց դարձնում է ոչ ադեկվատ, շարունակում է ապացուցվել ՀԱԿ ներկայացուցիչների ամենօրյա գործունեությամբ: Աբովյանի հանրահավաքում ընդդիմախոսներին «տիրոջ մեր» հայհոյող Արամ Մանուկյանը, իհարկե թանկ է վճարելու իր ասածների համար: Եվ խոսքը ամենևին էլ նրա մասին չէ, թե ինչ-որ մեկը գալու և պատժելու է նրան՝ թեև դա էլ պետք չէ բացառել: Վստահ եմ՝ նրա հայհոյանքների հասցեատերերը, ժողովրդի լեզվով ասած, նույնիսկ շան տեղ չեն դնի խոսքի արժեքը չհասկացող մարդու բարբաջանքները: Խոսքս ավելի մեծ պատժի մասին էր: Մինչ երեկվա օրը Արամ Մանուկյանը դեռ շանս ուներ հիշվելու իբրև Անկախության Հռչակագիրն ընթերցած գործիչ: Հիմա նա կմնա մարդկանց հիշողությունում իբրև սկզբունքներից, բարոյական արժեքներից, հասկացողությունից, հայ մարդուն վայել արժանիքներից զուրկ մարդ:

Բայց մի կողմ դնենք դեռ Ա. Մանուկյանի անձը: Առավել կարևոր է այն հանգամանքը, որ տարիներ շարունակ հասարակությունում թշնամանք և ատելություն սերմանող ՀԱԿ-ը փորձում է իր «ոճը» տարածել նաև քաղաքական այլ ուժերի վրա: Եվ, պետք է ասել, որ դա նրանց հաջողվում է: Համենայն դեպս, նույն հանրահավաքում ելույթ ունեցած Նաիրա Զոհրաբյանը, որը ԲՀԿ խմբակցության քարտուղարն է, իր խոսքում շատ հեռու չի գնացել արդեն հիշատակված ՀԱԿ ներկայացուցչից: Կընդունի՞ արդյոք ԲՀԿ-ն ՀԱԿ առաջարկած մեխանիզմը, ցույց կտա ժամանակը: Ընդ որում՝ մոտ ապագան, բառի բուն իմաստով՝ առաջիկա մի քանի օրը:

Իրականում ԲՀԿ-ն այսօր լուրջ հանգրվանի է հասել: Ակնհայտ է, որ քաղաքական այդ ուժն ունի հասարակության լայն զանգվածների աջակցությունն ու համակրանքը: Դա հնարավոր է դարձել նաև այն պատճառով, որ ժողովուրդը ժամանակին մերժել է ՀՀՇ-ՀԱԿ-ական ապաքաղաքական մոտեցումներն ու գործելաոճը: Ինչպես արդեն նշվեց, մարդկանց հստակ ծրագրեր և մեխանիզմներ են անհրաժեշտ: Լուծումներ: Եվ հիմա, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին չի հաջովել խաբել հասարակությանը, նրանք նույնը փորձում են անել Ծառուկյանի հետ:

Հասկանու՞մ են արդյոք դա ԲՀԿ-ում, դժվար է ասել: Տպավորությունը դեռևս այնպիսինն է, թե Ծառուկյանին ու նրա թիմակիցներին դուր է գալիս ոսկեղենիկ հայերենով իրենց հասցեին հնչող գովասանքներն ու փառաբանությունները: Բայց դա միայն ճոխ զարդարված գրասենյակներում: Հրապարակներում նրանց լիովին այլ բառամթերք է առաջարկվում: Ոչ քաղաքական կամ ավելի ճիշտ՝ հակաքաղաքական գործունեություն: ԲՀԿ-ն բարդ ընտրության առջև է. գնա՞լ ՀԱԿ-ի տրորած ճանապարհով, թե՞ հրաժարվել գայթակղություններից և սեփական ճանապարհը հարթել: Դժվարությունը կայանում է նաև նրանում, որ ԲՀԿ-ն երեբք չի ունեցել ինքնուրույն քայլեր անելու փորձառություն: Անգամ երբ դրա հարավորություն է եղել:

Ինչևէ, հասարակությունը սպասում է ԲՀԿ որոշմանը: Եվ որքան ուշ լինի այդ որոշումը, այնքան վատ հենց ԲՀԿ համար:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում