ԲՀԿ-ն քննադատում է ՀԱԿ ներկայացուցիչների գործելաոճը

«Որևիցե մի քաղաքական ուժի հանդեպ հայհոյել, ցեխ շպրտել, ինչ-որ բան ասել, դա մեզ պատիվ չի բերում: Այդպիսով մենք չենք կարողանում ո՛չ խնդիր լուծել, ո՛չ երկիրը հզորացնել, ո՛չ ժողովրդի վիճակը լավացնել, ո՛չ էլ տնտեսությունը զարգացնել»: Այս մասին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման մասին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ավելի վաղ նման կարծիք է հայտնել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: ԲՀԿ քաղաքական շահերսը սպասարկող կայքերից մեկին տրված հարցազրույցում վերջինս նշել է. «գիտեք, հարթակից մարդուն հայհոյելը, անձնական վիրավորանքներ տալը հերոսություն չէ: Վստահ եմ, որ հարթակում կանգնած քաղաքական ուժերի ներկայացուցիչները հենց այդպես էլ մտածում են, այդպես է մտածում հասարակության գիտակից հատվածը: Մենք խնդիր չենք դրել՝ վիրավորել, հայհոյել: Ո՞րն է դրա իմաստը: Մենք լուրջ խնդիրներ ենք դնում: Մենք խնդիրնե՛ր ունենք լուծելու»:

ԲՀԿ ներկայացուցիչների այս հայտարարություններն ոչ այլ ինչ են, քան Աբովյանի հանրահավաքում ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի կողմից ընդդիմախոսների հասցեին հնչեցված հայհոյանքների քննադատություն: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում այս հարցում պատասխանատվությունը կիսել իր քաղաքական դաշնակիցների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում