«ՆԱՏՕ-ն կարող է Բաքվում ռազմաբազա տեղակայել».Միխեևը՝ Ադրբեջանին զինելու ևս մեկ շարժառիթի մասին

Այսօր «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ երևանյան տաղավարից ՌԴ-ին վստահելու խրատներ տվող քաղաքագետ Սերգեյ Միխեևին հարց ուղղվեց՝ ինչպե՞ս վստահել Ռուսաստանին, երբ Ուկրաինային Բելառուսի օգնությունը համարվում է դավաճանություն, իսկ Ադրբեջանին  ռուսական զենքի վաճառքը՝ բիզնես: Սա, իհարկե, դուր չեկավ ռուս փորձագետին և վերջինն այն համարեց սոցցանցային և բլոգային թեմա՝ նկատելով, որ ռեալ քաղաքականության մեջ Ադրբեջանին զինելը քննարկման լուրջ առարկա չէ: Այնուհետ  շարունակեց, թե և Երևանը, և Բաքուն Ռուսաստանից նույն բանն են պահանջում, ինչը չի կարող իրականացվել. ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի անվտանգության ապահովման հետ կապված պարտավորություններ կան, ինչպես նաև երկկողմ, բայց չեն կարող անտեսվել նաև ռուս-ադրբեջանական ռազմական հարաբերությունները:

«Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ, այլ, որ ԼՂ-ում խաղաղություն լինի և տարածաշրջանում կայունություն: Մենք փորձում ենք պահպանել ուժերի հավասարակշռությունը»,-ընդգծեց Միխեևը, որից հետո գաղտնազերծեց Ադրբեջանին զինելու ևս մեկ  շարժառիթ՝  ՆԱՏՕ-ն կարող է Բաքվում ռազմաբազա տեղակայել:

Իր հերթին տեսակամուրջին մասնակից ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևն ակնարկեց, թե եթե Ռուսաստանն Ադրբեջանին զենք չմատակարարի, դրանից Հայաստանի համար ամեն ինչ ավելի  հեշտ չի լինի, որովհետև նա այլ մատակարար է փնտրելու համաշխարհային շուկայում, քանի որ  զենք գնելու և միջոցներ, և ցանկություն ունի:

Ըստ փորձագետի՝ այս դեպքում գոնե  ծանոթ են  մակնիշները, հնարավորությունները, հզորությունը, այսպես ասած՝ Ադրբեջանին վաճառվող սպառազինությունը գիտեն  ներսից:

«Ադրբեջանին վաճառվում են այն զինատեսակները, որոնց հակազդողները Հայաստանն ունի: Իսկ եթե այդ զենքը մատակարարի օրինակ` Իսրայելը, ԱՄՆ-ն կամ որևէ այլ երկիր,  հակազդման միջոցները դուք չեք ունենա և ձեզ դժվար կլինի դիմակայել այդ զինատեսակներին»,-լրացրեց Եվսեևը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում