«Օգոստոսյան դեպքերը կարող են մեկ տարի հետո կրկնվել». Եվսեևն առաջարկում է չսպասել ԵՏՄ-ին անդամակցմանը և ուժեղացնել հայ-ռուսական հարաբերությունները

Հոկտեմբերի 10-ին Մինսկում  նախատեսվում է ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագրի  ստորագրումը: Այն, որ  մեր երկիրն այդ օրը դե յուրե չի դառնա ԵՏՄ անդամ, պնդում են հայաստանյան շատ փորձագետներ: Պարզվում է, սակայն, որ այս կարծիքին նաև ռուս վերլուծաբանները: Այսօր «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը նկատեց, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ձգձգման օբյեկտիվ պատճառներ կան՝ 1. այն կախված է, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայի շուրջ, 2. լուրջ խնդիրներ կան Ռուսաստանի և Ղազախստանի միջև, որով պայմանավորված  Ղազախստանը որոշակի զգուշավորություն է  սկսել  դրսևորել  անդամակցման գործընթացի հետ կապված: Իհարկե, Եվսեևի դիտարկմամբ՝ ռուս-ղազախական հարաբերությունների կոշտացման  մասին խոսելն ամեն դեպքում  սխալ է:

Այս համատեքստում փորձագետը հիշեցրեց  նաև Չինաստանի գործոնը, մասնավորապես, այն, որ ՉԺՀ-ն իր ինտեգրման նախագծերն է սկսել և հենց այս  պայմաններում Եվրասիական տնտեսական միությունը պետք է պաշտպանի իր շահերը: 

«Ես չէի ասի, որ ԵՏՄ-ն արագ կզարգանա», – հայտարարեց փորձագետն՝ ակնարկելով մոտ 2 տարվա ժամկետի մասին:

Սա հաշվի առնելով  Եվսեևն առաջարկեց չսպասել անդամակցմանը և մտածել հայ-ռուսական հարաբերությունների ուժեղացման մասին, որի միջոցով կարելի է հետագայում  հասնել նաև Եվրասիական ինտեգրման ամրապնդմանը: Այստեղ փորձագետը հարկ համարեց հիշեցնել հուլիս-օգոստոսին արձանագրված սահմանային միջադեպերը՝ չբացառելով դրանց կրկնությունը:

«Եվրասիական ինտեգրումը պետք է համատեղել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ուժեղացմամբ, քանի որ այն, ինչ օգոստոսին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, մեկ տարի հետո կարող է կրկնվել: Մենք պետք է պատրաստ լինենք նմանատիպ իրադարձություններին ադեկվատ պատասխան տալուն, քանի որ դրանց կրկնությունը միանգամայն հնարավոր է. կան արտաքին ֆիգուրներ, որոնք շատ կցանկանային  առճակատում: Միայն դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը կարող է կանխել նման սպառնալիքները»,- հայտարարեց Եվսեևը:

Անդրադառնալով  ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման շրջանակում Արցախի գործոնին, փորձագետն այն առաջ քաշելու փորձերն անմտություն համարեց՝ բերելով  Աբխազիայի օրինակը.

«Այս դեպքում կարելի է հարցնել` իսկ Ռուսատանի և Աբխազիայի միջև կա՞ միասնական տնտեսական տարածք: Համարյա կա: Ուրեմն Ռուսատանը նույնպե՞ս չի կարող լինել ԵՏՄ անդամ: Նման հարցադրումները միտված են  ԵՏՄ-ի կազմալուծմանը»: 

Այս ֆոնին ռուս փորձագետն ուշադրություն հրավիրեց  օգոստոսի 18-ին Նախիջևանում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ՝ Իրակլի Ալասանիայի, Իսմեթ Իըլմազի և Զաքիր Հասանովի միջև եռակողմ հանդիպման փաստի վրա՝ նկատելով, թե այդ միությունն առաջին հայացքից չեզոք կամ անվնաս է թվում, մինչդեռ Ադրբեջանում խոսակցություններ կան, որ նշված ռազմաքաղաքական միավորմանն անդամագրվելու են նաև թյուրքական պետություններ, այդ թվում՝ Ղազախստանը և Ղրղզստանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում