Ադրբեջանը չի ցանկանում արևմտյան լինել. Թոմաս Դե Վաալ

Հեղինակավոր «The Foreign Policy պարբերականի էջերում տեղ է գտել Ղարաբաղյան կոնֆլիկտով զբաղվող արևմտյան նշանավոր մասնագետ Թոմաս Դե Վաալի «Ադրբեջանը չի ցանկանում արևմտյան լինել: Բաքվի մեծ ռազմավարության ճարտասանությունն ու իրականությունը» վերտառությամբ հոդվածը:

Հեղինակը դիպուկ կերպով նկատում է, որ ուկրաինական դեպքերից հետո, կարծես թե հարց է դրված հետխորհրդային պետությունների առջև, թե որ ճամբարին միանան՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական:

Ըստ հեղինակի նման հարցի հետ պետք է որ առերեսվեր նաև Ադրբեջանը, սակայն այս պետությունն ընտրեց երրորդ այլըտրանքային ուղին՝ լինել Ռուսաստանի նման ավտորիտար, սակայն հայտարարել նաև Արևմուտքի հետ ռազմավարական գործընկերության մասին:

Դե Վաալն Ադրբեջանի ներկային արտաքին քաղաքականության ձևավորման վրա ազդող երկու հիմնական գործոններ է առանձնացնում ՝ Ղարաբաղյան պատերազմը և նավթային երկրորդ բումը (առաջինը տեղի է ունեցել 19-րդ դարում), որի շրջանակներում կնքվեց «Դարի պայմանագիրը», կառուցվեցին նոր նավթամուղեր, որոնք հետզհետե դառնում են Եվրոպայի էներգետիկ համակարգի մասնիկը: Սակայն հեղինակը նկատում է, որ նավթային այդ երկրորդ բումը ունեցավ ոչ միայն դրական նշանակություն: Դրական կողմերից նշվում է Ադրբեջանում տնտեսական աճը՝ դարձնելով նրան աշխարհում ամենաարագ զարգացող երկրներից մեկը:

Վաալը նշում է, թե ինչպես այդ նավթադոլարների հաշվին Ադրբեջանն իրեն ճանաչելի է դարձնում աշխարհին, ինչպիսին օրինակ Եվրատեսիլ երգի մրցույթի անցկացումն էր:

Բացասական հետևանքներից Վաալն առանձնացնում է Ադրբեջանում նոր ձևավորված էլիտան, որն իրեն աստղաբաշխական գումարների հասնող շռայլություններ է թույլ տալիս:

Օլիգարխիայի հիմնական նպատակն իր շահերին ծառայող տնտեսական և քաղաքական աստիճանակարգության ապահովումն է:

Օլիգարխիկ քաղաքական գործիչներից են Քեմալադդին Հեյդարովը, ով արտակարգ իրավիճակների նախարարն է, Զիա Մամեդովը՝ տրանսպորտի նախարարը, Ռամիլ Ուսուբովը՝ ներքին գործերի նախարարը, ովքեր օգտագործում են իրենց քաղաքական ազդեցությունը՝ պաշտպանելու իրենց ունեցվածքը: Նախագահ Ալիևն ամենաարտոնյալն է, ով գլխավորում է այդ համակարգը, սակայն, ըստ Վաալի, նույնիսկ նա չի կարողանում ամբողջությամբ կառավարել այդ նախարարներին, որոնցից շատերն իրենց անձնական ռազմական խմբերն են ստեղծել:

Հեղինակը խորհուրդ է տալիս Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը դիտարկել այս համատեքստում: Օլիգարխները ցանկանում են Արևմուտքի հետ գործընկերություն անել, եթե դա չի վնասի իրենց ավտոկրատիայի դիրքերին:

Ադրբեջանն Արևմուտքի համար գրավիչ է դառնում երեք հիմնարար կետերի շնորհիվ՝ այն ծառայում է, որպես միջանցք Աֆղանստանից զորքերի դուրսբերման համար, այն լավ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ և նպաստում է Իրանի դեմ սանկցիաների կիրառմանը և իհարկե, այն Եվրոպայի համար Ռուսաստանը շրջանցող այլըտրանքային  էներգետիկ ուղի է:

Այնուհետև հեղինակը անդրադարձ է կատարում ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ շեշտադրելով դրանցում ռեալփոլիթիքի տարրերը: Անդրադարձ է կատարվում  նաև Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, իրավապաշտպանների և լրագրողների հետապնդւոմներին:

Վաալը շեշտում է, որ Ադրբեջանի աճող ռազմական հռետորաբանությունը կարող է ոչ միայն ապակայունացնել երկիրը այլ տարածաշրջանը ևս:
 

Նշվում է, որ Ադրբեջանի մեծաքանակ քաղաքացիներ մասնակցում են ԻԼԻՊ-ի գործողություններին և հավանականությունը մեծ է, որ նրանք կվերադառնան տուն և կսկսեն սեփական պատերազմը: Ուստի պատահական չէ, որ Ալիևն այդ ֆոնին ավելացնում է ռազմական  հռետորաբանությունը:

Եզրափակելով՝ հեղինակը նշում է, որ եթե Բաքուն ցանկանում է Արևմուտքի հետ պահպանի գործընկերությունը, ապա պետք է դադարի քննադատել Արևմուտքին և ավելի մեծ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում