Ըստ Արծվիկ Մինասյանի, հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրն անհաջող է ընտրված. «Իրավունք»

«Իրավունքը» եռյակի առաջիկա հանրահավաքի թեմայով զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

-Պրն Մինասյան, հոկտեմբերի տասին կայանալիք ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» համատեղ հանրահավաքին ՀՅԴ-ն չի մասնակցում հանրահավաքի օրակարգում սահմանադրական բարեփոխումների հարցի ընդգրկման պատճառով, բայց եթե հաշվի առնենք, որ «Քառյակի» 12 կետերի մասին ևս խոսվելու է հանրահավաքում, արդյոք դա հաշվի առնելով՝ չէր կարելի մասնակցել հանրահավաքին:
-Ո՞նց եք պատկերացնում՝ մենք մասնակցենք մի հանրահավաքի, որտեղ քննադատություն է հնչում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին և չպատասխանե՞նք: Իսկ եթե պատասխանենք, դա արդեն հանրահավաք չի լինի, այլ կոնֆերանս: Ինչ վերաբերում է 12 կետերին, ապա դրանց մասով պայմանավորվածությունը հետևյալն է՝ «Քառյակը» 12 կետերի միասնական ամփոփում պետք է տա: Այն կետերի շուրջ, որոնց մասով միասնականություն չի լինի, հանրահավաքում «Քառյակի» անունից այդ կետերի մասին միասնական հայտարարություն չի արվի: Իսկ այն կետերի շուրջ, որոնց մասով կլինի միասնական տեսակետ, հանրահավաքում դրա մասին կասվի:

-Հանրահավաքում Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության հարցը քննարկվելո՞ւ է հանրահավաքում:
-Տեղեկություն չունեմ՝ «Եռյակն» ինչ հարցեր է քննարկելու:

-Այնուամենայնիվ, ճիշտ կլինի, որ քննարկվի, հաշվի առնելով, որ հենց այդ օրն է ստորագրվելու ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը:
-Գիտեք, իմ անձնական կարծիքով, ամսի տասը հանրահավաք անցկացնելու համար անհաջող օր է: Անկախ նրանից` կքննարկվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, թե ոչ, բայց հնարավոր է միջազգային շատ լրատվամիջոցներ, օգտագործելով տեխնիկական հնարավորությունները, փորձեն կապել այս հանրահավաքը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետ, որը լուրջ հարված կհասցնի մեր պետությանը: Մենք առաջարկել ենք, որ հանրահավաքն արվի հոկտեմբերի 15-ից հետո, որպեսզի սահմանադրական փոփոխությունների մասին մենք ունենանք մեր տեսակետը: Սա նաև հանրահավաքի կազմակերպիչ մյուս ուժերին է վերաբերվում, որպեսզի իրենք կարողանան փաստարկված առարկություններ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում