Հայաստանը գնահատում է ԼՂ հարցում Հունաստանի հավասարակշիռ դիրքորոշումը. Սերժ Սարգսյան

Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: ՀՀ Նախագահը հանդիպմանը Հունաստանի իր գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները:

«Մենք բարձր ենք գնահատում Հունաստանի հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշումն այս հարցում: Հունաստանի պաշտոնական դիրքոշումն է սատարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ Մինսկի խմբի առաջարկած լուծումների տարբերակին»,- ասաց ՀՀ Նախագահը: Իր հերթին Հունաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը ներկայացրել է Կիպրական խնդրի շուրջ վերջին զարգացումներն ու նշել, որ բանակցություններն այդ հարցում ճգնաժամային փուլում են: « Մենք պայքարում ենք թուրքական բռնատիրությանը վերջ դնելու ուղղությամբ, սակայն թուրքական ղեկավարության վերջին հայտարարությունները հուսադրիչ չեն»,- ասաց Պապուլյասը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում է տեղի ունեցել: առաջինն օգոստոսի 10-ին Սոչիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, երկրորդը` սեպտեմբերի 4-ին Ուելսում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ:

Նախատեսվում է երրորդ հանդիպումը հոկտեմբերի վերջին երրորդ համանախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջորդությամբ Փարիզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում