«3-7 դոլարանոց կոնյակը դրսում 50 դոլարով են վաճառում և շահութահարկ չկա, այդպես ես էլ բարերար կդառնամ». Արամ Սարգսյանը՝ Գագիկ Ծառուկյանի՝ փոքրերին պաշտպանելու մասին

Իրականում կա՞ ստվերի դեմ  պայքար, թե այն, ինչ տեսնում ենք՝ իմիտացիա է: Կամ՝որքանո՞վ են ազնիվ խոշոր բիզնեսի կարկառուն ներկայացուցիչ ԲՀԿ նախագահի՝  փոքրերին պաշտպանելու մղումները: Լրագրողների հետ հանդիպմանը Times.amի հարցերին ի պատասխան ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը նկատեց.

«Խաբեություն է, խաբկանք, աբսուրդի թատրոն. փոքր և միջին բիզնեսի միջոցով փորձում են խոշորին ստվերից դուրս հանել, ոնց որ էդ խոշորի տեղն իրենք չգիտեն: Մարդիկ ասում են՝ շուկայում ես կարող է մեկին 1000 դրամով եմ ծախում, մյուսին՝ 1500-ով, դուք մեծածախին պիտի ստուգեք, որ տեսնեք, թե քանիսով է առել և քանիսով է վաճառում, ոչ  թե շուկայում կանգնողին: Ավելին, ստվերը միայն սա չէ, ստվերը միայն սպիտակ-սև աշխատավարձը չէ, այլ այն, որ 3-7 դոլարանոց մեկ շիշ կոնյակը դրսում  ամենաքիչը 50 դոլարով են վաճառում և շահութահարկ չկա: Մի հատ հաշվեք, թե մեկ շշի մեջ ինչքան շահույթ են ստանում: Այդպես ես էլ բարերար կդառնամ, տվեք ինձ 10-20 միլիոն և ես 2 մլն.-ը հաստատ ձեզ կտամ»:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և սկզբում քառյակի, այժմ՝ եռյակի գործողություններին, Արամ Սարգսյանն ակնարկեց, թե չի կանգնում նրանց կողքին, որովհետև հարթակից խոսացողները եղել են իշխանության մեջ և նրանց կառավարման տարիները լավ է հիշում: Ավելին, հիշողության մեջ թարմ է նաև հարթակում կանգնածների միտինգային ասելիքի փոփոխությունը՝ քաղաքական իրավիճակով և հանգամանքերով պայմանավորված: Արամ Սարգսյանի համար զարմանալի չէ նաև Դաշնակցության պահվածքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում