«Դժվար թե նրանք լուռ համաձայնվեն 100 հազարի փոխարեն 20 հազար տանելուն». Արամ Սարգսյանը՝ ԵՏՄ-ին անդամակցումից հետո գործարարների հնարավոր դիմադրության մասին

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի կասկածում՝ ԵՏՄ-ը կայանալու է, որովհետև Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը շատ լավ հասկանում են  միավորվելու շահավետությունը: Քաղաքական գործիչը, սակայն, վստահ չէ, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կդառնա միության անդամ, բայց ոչ թե քաղաքական, այլ տնտեսական  խնդիրներից  ելնելով: Ըստ նրա՝ անդամակցման պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող հանգամանքներից մեկն այն է, որ հումքը,
Հայաստանից  ծիծաղելի տարիֆներով են դուրս հանում.

«Ցանկացած հումք համարվում է ազգային սեփականություն: Օրինակ՝ Նորվեգիայում, եթե ուզում եք հումք արտահանեք, պետությունն ասում է՝ 80 տոկոսն ինձ, 20-ը՝ քեզ: Մինչդեռ Հայաստանում պետությանը բաժին է հասնում մեկ տոկոսը,  արտահանողին՝ 99: Դրանից բացի շահութահարկ, որը նա պետք է ստանա դրսում վաճառելուց և ահռելի գումարը պետք է վերադառնա Հայաստան և հարկվի, նման բան ընդհանրապես չկա: Նրանց շահույթը մնում է դրսում և վերածվում անշարժ գույքի, շվեյցարական բանկում հաշիվների և այլն: Սա մատնանշել են նաև այն հանձնաժողովի անդամները, որոնք դիտարկում են, թե Հայաստանն ինչ պայմաններով պետք է Եվրասիական միության անդամ դառնա»:

Ըստ այդմ՝ Հայաստանի՝ դե յուրե Եվրասիական տնտեսական տարածք մուտք գործելուց հետո 1-1,5 տարվա ընթացքում լրջագույն  իրավիճակ է ստեղծվելու  իշխանությունների համար, քանի որ պահանջվող փոփոխություններն առաջացնելու են բիզնես միջավայրի դժգոհությունը:

«Խուլ դիմադրությունը կդառնա սաբոտաժ, որովհետև պառլամենտում եղած այն գործարարները, որոնց գրպանին հարվածելու են, ժամանակ առ ժամանակ  սկանդալներ են անելու,  դժվար թե նրանք լուռ համաձայնվեն 100 հազարի փոխարեն 20 հազար տանելուն: Կարծում եմ՝ իրադարձությունների զարգացումը 1-1.5 տարվա հետ կապված բավական հետաքրքրական է լինելու»,- ընդգծեց Արամ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում