Ռոստովի պետական շինարարական համալսարանի ուսանողները Երևանում հանդես են եկել համերգով

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ ) հրավերով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 29-ին կայացել է Ռոստովի շինարարարության պետական համալսարանի (ՌՇՊՀ) «Ռիսիյանյե» սպորտային պարերի և «Վիկտորյա» ազգային համույթների գունեղ համերգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՃՇՀԱՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, տարբեր նախարարությունների պաշտոնատար անձինք, ճարտարապետներ, շինարարներ և ուսանողներ:

«Ռիսիյանյե» համույթը ներկայացել է ոչ միայն իր պատանեկան, այլ նաև մանկական կազմով: Համույթներն իրենց պարային պլաստիկայով և վոկալի բարձր կատարմամբ, ինչպես նաև շքեղ բեմական զգեստներով հանդիսատեսին տեղափոխել են Իտալիայից մինչև Լատինական Ամերիկա, 18-րդ դարից մինչև 21-րդ դարի Օլիմպիական խաղեր` գրավելով և ջերմացնելով հայ հանդիսատեսի սիրտը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը լեփ լեցուն է եղել, իսկ համերգը լի է եղել անակնկալներով ոչ միայն հանդիսատեսի համար. «Ռիսիյանյե» սպորտային պարերի ազգային համույթի մենակատար Ալեքսանդր Օխրիտկոն ամուսնական մատանիով ի լուր աշխարհի խնդրել է համույթի բալետմայստեր Մարինե Հակոբյանի ձեռքը:

ՌՇՊՀ-ի և ՃՇՀԱՀ-ի միջև համագործակցությունը գնալով ընդլայնվում և զարգանում է` ներառելով ինչպես գիտակրթական, այնպես էլ սպորտային և մշակութային ծրագրեր: «Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկեր ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն ենք հայտնում համալսարանի ղեկավարությանն այս հրավերի համար, որը բարձր մակարդակով էր կազմակերպված»,- ողջույնի իր խոսքում ասել է ՌՇՊՀ-ի դաստիարակչական գծով վարչության պետ, համերգի ռեժիսոր Նինա Կոլեսնիկովան:

«Թեև այսօր սեպտեմբերի 29-ն է, սակայն մենք ի սրտե շնորհավորում ենք հայ ժողովրդին Սեպտեմբերի 21-ի` Հայաստանի անկախության օրվա առթիվ»,- հավելել է Նինա Կոլեսնիկովան: Իր հերթին ՃՇՀԱՀ-ը շնորհակալություն է հայտնել «Ռիսիյանյե» և «Վիկտորյա» համույթների գեղարվեստական ղեկավար Վիկտորյա Սալոնսկայային բարձրաճաշակ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում