Արցախն առանձին տաղավարով է ներկայացել Փարիզի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Փարիզում սեպտեմբերի 23-26-ը կայացել է IFTM Top- Resa-2014 ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պատվիրակությունը ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության մամուլի բաժնից, պատվիրակությունը հանդես է եկել առանձին տաղավարով, որը ձեւավորված է եղել ավանդական ոճով ու որտեղ ներկայացվել է Արցախի մասին տեղեկատվական հարուստ գրականություն, զբոսաշրջավայրերի, հյուրանոցների մասին քարտեզներ եւ այլն:

Ցուցահանդեսի մասնակիցների պնդմամբ, աշխատանքները շատ հաջող են ընթացել, տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն զբոսաշրջային մասնագետների, այլեւ սովորական այցելուների մոտ: Ուրախալի է հատկապես այն, որ տարեցտարի ավելանում է այն այցելուների քանակը, ովքեր նախապես արդեն տեղեկացված են Արցախի մասին եւ հատուկ այցելում են Արցախի տաղավար:

«Ավանդույթի» համաձայն, ադրբեջանցիները կազմակերպիչների միջոցով փորձել են խոչընդոտել ԼՂՀ պատվիրակության աշխատանքները, որը սակայն, ինչպես միշտ, ձախողվել է:

Զբոսաշրջային մասնագետների կողմից հիշյալ ցուցահանդեսը համարվում է էլիտար: Ցուցահանդեսն առաջին անգամ անց է կացվել դեռեւս 1978 թվականին Ֆրանսիայի Դեւիլ քաղաքում, իսկ 2008-ից այն տեղափոխվել է Փարիզ` դառնալով աշխարհում ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում