«Գութան» փառատոնին ներկայացվել են պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը

Երևանում կայացել է «Գութան» ազգագրական երգի-պարի առաջին փառատոնը: Մինչև կեսգիշեր ելույթ են ունեցել ազգագրական երգի ու պարի տասնյակից ավելի համույթներ՝ «Ակունք», «Սասուն», «Մարաթուկ», «Կարին», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Մշո հավքեր», «Վան» և այլն՝ ներկայացնելով Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական փոքրիկ դրվագներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փառատոնը մեկնարկի առաջին իսկ պահից վերածվել է տոնախմբության:

Փառատոնի կայացմանն աջակցության համար կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին և պետական այլ կառույցների: «Շատ ուրախ ենք, որ Երևան քաղաքում հերթական գեղեցիկ փառատոնն է կայանում։ Վստահ եմ, որ այն կդառնա ավանդական: Այդ մասին է հուշում նաև հանդիսատեսի ոգևորությունն ու ակտիվ մասնակցությունը փառատոնին։ Հավատացնում ենք, որ շարունակական է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը յուրաքանչյուր նման գեղեցիկ նախաձեռնությանը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Միրո» ազգային երգարվեստի կենտրոնի նախաձեռնած փառատոնն անցկացվել է Կասկադում՝ Գաֆեսճյան քանդակների պուրակում։ Ազգագրական երգի-պարի առաջին փառատոնին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում