Հոգեբուժարաններում ներդրումներ կատարելու նպատակով ՀԲ-ի հետ բանակցություններ են տարվում

ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում հոգեբուժական ծառայությունների ոլորտը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և խնդիրներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը հոգեբուժական հաստատությունների ղեկավարներին հանձնարարել է գործունեությունը ծավալել բացառապես օրենսդրության շրջանակներում և ապահովել գործող նորմերի կատարումը։ Քննարկման ընթացքում կարևորվել են բժշկական օգնությանը, անվտանգությանը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Արմեն Մուրադյանը տնօրենների ուշադրությունն է հրավիրել հիվանդների իրավունքների պաշտպանության խնդրի վրա և հորդորել պաշտոնական այցերի կամ տարբեր ստուգումների ժամանակ տրամադրել միայն այն տվյալները, որոնք օրենքով սահմանափակված չեն։

Նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին հանձնարարվել է խստացնել հոգեբուժարանների հանդեպ հսկողությունը։ Շարունակել իրականացվող մշտադիտարկումները, ապահովել բժշկական օգնության և սպասարկման որակի, կարգուկանոնի ապահովմանն ուղղված աշխատանքները։ Կարևորվել է նաև մատակարարող կազմակերպություններից միայն որակյալ և պիտանիության համապատասխան ժամկետներ ունեցող սննդամթերքի ընդունումը։ Նշվել է, որ հոգեբուժարաններում առկա որոշ հիմնախնդիրների լուծման համար պահանջվում են խոշոր ներդրումներ, ինչի շուրջ բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում