Քառյակի առաջարկների իրական նպատակները

Կառավարության առաջարկած փոփոխություններով, հոկտեմբերի 1-ից նախատեսված է հարկային բեռի թեթեւացում 3,5 անգամ (3,5 տոկոսից հարկը դառնում է 1 տոկոս), բայց պահանջվում է ունենալ մատակարարված ապրանքի դիմաց փաստաթուղթ: Տոնավաճառների առեւտրականները դժգոհ են վերջին պահանջից, նշելով, որ իրենց մատակարար խոշոր կազմակերպությունները ապրանքի դիմաց փաստթուղթ չեն տրամադրի:

Ընդ որում, նրանք պատրաստ են գործել նախկին` բարձր հարկային բեռով, միայն թե փաստաթղթի պահանջը հանվի: Դա միայն վկայում է տոնավաճառներում ստվերային ահռելի շրջանառության մասին, որից հավասարապես շահում են մեծածախ եւ մանրածախ առեւտրականները, բայց տուժում պետությունն ու բնակչությունը, չստանալով թաքցված հարկային եկամուտները:

Հակառակ դեպքում տնտեսվարողների դժգոհությունը հարկային բեռի թեթեւացումից պարզապես զավեշտ կլիներ: Քաղաքական ուժերի ընդդիմադիր քառյակը, ներառյալ քաղաքական դաշտում մինչ այժմ անհայտ հիբրիդ «այլընտրանքը», այս առթիվ հրապարակեցին իրենց փոփոխությունները` 1. տոնավաճառների առեւտրականները կամավորության սկզբունքով կարող են անցնել 1 տոկոս հարկման դաշտ, իսկ չցանկացողները մնան 3,5 տոկոս հարկման դաշտում, 2. շրջանառության հարկի շեմը ներկայիս տարեկան 58 մլն դրամից բարձրացնել 120 մլն դրամի:

Վերջինիս հիմնավորումն այն է, որ փաստաթղթավորմամբ աշխատելով, փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանառությունը կարող է գերազանցել 58 մլն դրամը: Թե ինչպես կարող է դրանից հետո 120 մլն դրամ (մոտ 3 մլն դոլար) շրջանառություն ունեցող ընկերությունը համարվել փոքր կամ միջին, թողնենք օրենսդրական փոփոխությունների հեղինակների երեւակայությանը:

Այժմ քառյակի եւ հիմնականում ԲՀԿ-ի առաջարկած օրենսդրական առաջարկների մասին ըստ էության: Նախ` առաջարկելով պահպանել 3,5 տոկոսը, ընդդիմադիր կուսակցությունները, փաստորեն առաջարկում են պահպանել ստվերային ահռելի շրջանառությունը տոնավաճառներում, մաքսանենգ, կեղծված, ժամկետանց, առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման հնարավորությունը, անհավասար մրցակցությունը մյուս տնտեսվարողների հետ: Սրանով միաժամանակ պահպանվում են այս երեւույթների դեմ խոսելու եւ կառավարությանը «ստվերի» եւ «օլիգարխների» դեմ պայքարել «չցանկանալու» համար մշտական քննադատությամբ հանդես գալու հնարավորությունները:

Ի դեպ, ոչ պակաս զավեշտալի է, երբ «օլիգարխների» մասին խոսում են ԲՀԿ պատգամավորները: Երկրորդ` առեւտրի ոլորտում երկու տոկոսադրույք պահելը` 3,5 տոկոս եւ 1 տոկոս ոչ այլ ինչ է, քան անհավասար հարկային եւ մրցակցային դաշտի ստեղծում, դրանից բխող բացասական հետեւանքներով: Տոնավաճառները, ի տարբերություն մյուս առեւտրային օբյեկտների, կհայտնվեն ավելի մեծ ստվերում:

Հաջորդը: Խոշոր մատակարարները կշարունակեն մատակարարված ապրանքի դիմաց փաստաթուղթ չտրամադրել, անխաթար պահպանելով իրենց գերշահութաբերությունը: Փոքր բիզնեսի անունով խոշոր բիզնեսը ստվերում պահելու եւ գերշահույթ ստանալու ակնառու օրինակ` շինանյութերի տոնավաճառներին ցեմենտ մատակարարող «Արարատցեմենտը» (սեփականատեր Գագիկ Ծառուկյան) կշարունակի դա անել առանց փաստաթուղթ տրամադրելու մանրածախ վաճառողներին: Կամ չնչին գներով պետական շենքերի սեփականատեր դարձած եւ դրանցում գրասենյակային տարածքներ վարձով տրամադրող ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կշարունակի փոքր բիզնեսից բարձր վարձակալուըթյան վճարներ գանձել` վերջիններիս կողմից պետբյուջե չնչին վճարումները պահպանելու շնորհիվ:

Շրջանառության շեմը 58 մլն դրամից 120 մլն դրամ դարձնելու վերաբերյալ: Սա հրաշալի հնարավորություն է ստեղծում խոշոր տնտեսվարողների համար ավելացված արժեքի հարկից ավելի թեթեւ` շրջանառության հարկի դաշտ անցնելու համար: Այսինքն, սա քայլ է խոշոր բիզնեսի ստվերը խորացնելու եւ ավելացնելու ուղղությամբ: Չարժե մեկ անգամ եւս նշել այն օլիգարխի անունը, որ ունի ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերություններ եւ այս փոփոխության դեպքում, դրանք հարկման ավելի թեթեւ դաշտ տեղափոխելու հնարավորություն է ստանում: Այլապես անհասկանալի է, թե տարեկան մինչեւ 5 մլն դրամ շրջանառություն ցույց տվող մոտ 40 հազար տնտեսվարողներից քանիսի շրջանառությունը փաստաթղթերով աշխատելու դեպքում կարող է գերազանցել 120 մլն դրամը:

Հաստատ շատ քչերի, ինչը բացահայտվելու դեպքում կպարզվի, որ նրանք 24 անգամ ավելի քիչ են ցույց տալիս իրենց շրջանառությունը: Հետեւաբար, այդ ընկերությունները ոչ միայն պետք է իրական շրջանառություն ցույց տան եւ դրանից հարկեր վճարեն, այլեւ խստորեն պատժվեն այդ ծավալի շրջանառության թաքցնելու համար: Սակայն եթե այդպիսիք չկան, ինչն ավելի հավանական է, այդ դեպքում շրջանառության շեմը բարձրացնելու նպատակ մեկն է, որի մասին արդեն նշեցինք` հնարավորություն ստեղծել խոշորներին անցնելու ավելի թեթեւ հարկման դաշտ եւ խորացնելու ստվերը:

Հարց է առաջանում` տոնավաճառների առեւտրականները չեն հասկանում այս ամենը: Անշուշտ հասկանում են: Միամիտներն առեւտրով չեն զբաղվում: Հետեւաբար վերադառնում ենք նույն կետին, որ նրանք եւ խոշոր մատակարարները ձեռք ձեռքի տված են գործում, պահպանելու համար երկուստեք շահավետ ստվերային առեւտուրը ի վնաս պետության եւ հասարակության:

Վահան ԿԱՆԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում