«Մենք ենք մեր սարերը» լավ ֆիլմ է, բայց էությունն անգրագիտության մասին է, որ իբր հայերն էդ են». Ռուբեն Քոչար

Ծաղկաձորում այս օրերին անցկացվում է «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև հոկտեմբերի 5-ը: Ներկայացված 118 ֆիլմից ընտրվել է 60-ը` վավերագրական, խաղարկային, անիմացիոն:

Կինոփառատոնն անցկացվում է «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգերում, որոնց արժանացած մասնակիցը կամ ստեղծագործական խումբը կստանա համապատասխան դիպլոմ և մրցանակ:

ժյուրին կազմված է կինոյի բնագավառի հեղինակավոր մասնագետներից՝ Սամվել Բաբասյան /օպերատոր/, Նարինե Ջրբաշյան /կինոգետ/, Ռուբեն Երզնկյան /ռեժիսոր/, Արամ Գյուրջյան /դերասան/:

Ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը, որի հետ էլ որոշեցինք զրուցել և նմանօրինակ փառատոնների կարևորությունից, և այսօրվա երիտասարդության կինոմտածողությունից:

 

-Օտարազգի երիտասարդ ռեժիսորներն իրենց ձեռագրով շատ նման են մեր երիտասարդներին: Այսինքն` նույն տրամադրության մեջ են` աղքատների, խեղճերի են նկարում: Չգիտես, թե ինչու աղքատ ենք, նման բաներ են նկարում: Բայց, օրինակ, ղազախները շատ հետաքրիր ֆիլմեր են նկարում, ռուսները լրիվ մաքուր էին նկարել, հատկապես` ՎԳԻԿ-ի ուսանողները, զգում ես, որ պրֆեսիոնալ բան կա: Մեր դեպքում Սովետից եկած բան է, որը ներարկում են մեր ջահելների մեջ: Այն, որ մենք մեծ ժողովուրդ ենք, որ ունենք մեծ մտքեր, գաղափարներ, բայց մեզ խեղճ ենք ներկայացնում: Մենք պիտի նկարեինք  «Մենք ենք մեր սարերը», իհարկե, լավ ֆիլմ է, լավ դիալոգ կա, բայց էությունն անգրագիտության մասին է, որ իբր հայերն էդ են: Մեր մեջ մտել է, որ այդպիսին պիտի լինենք: Ասածս այն է, որ եթե անգամ դժվար կյանք ենք ուզում նկարել` բանտ, ծերանոց, դրա մեջ էլ պիտի գեղեցկություն լինի, մենք ասում ենք գեղարվեստ չէ՞: Տգեղն էլ պիտի գեղեցիկ լինի: Երիտասարդներին թվում է, թե եթե իրենք այդպես նկարեցին, ուրեմն` ռեալիստ են, բայց արվեստը, գեղարվեստը ռեալիզմ չի , դա խրոնիկա է դառնում: 

-Մենք անընդհատ բողոքում ենք, թե ՀՀ-ում չկա կինոարտադրություն, բայց կինոյի տեսեք քանի փառատոն ունենք:

-Ինչ մակարդակի փառատոններ ունենք, ճիշտ այդ մակարդակի էլ կինոարտադրություն, դրանք համահունչ են: Զուգահեռ զարգանում են, բայց այս փառատոնն ինձ համար հաճելի է, ես սրանում լուսավոր բան եմ տեսնում: Սա թրեյնինգ է` փորձադաշտ, որ երիտասարդները տեսնեն, թե ինչ բան է փառատոն ասվածը: Սա դպրոց է, որտեղ հավաքվում են իրար գլխի, քննարկում միմյանց ֆիլմերը, մի տեղ ապրում: Վաղը մյուս օր, որ ուրիշ երկրներում մասնակցեն, արդեն փորձ կունենան: Ուզում եմ մի բան ձևավորվի` անպայման չի, որ լինես առաջինը: Մի քիչ աբսուրդ է, որ բոլորն ուզում են չեմպիոն դառնալ: Ի վերջո, առաջին կամ երկրորդ տեղ ասվածը հարաբերական է: Կարևորը քեզ ընդունեն, եթե ընդունեցին` հաղթած ես: Սա կուզեի, որ արմատավորվի նաև մեր ժողովրդի մեջ: Եթե արվեստագետը մասնակցում է փառատոնին, դա արդեն մեծ բան է: Ասում են` գնացին, բայց….բայց գնացին չէ՞:

-Մենք ճիշտ է միջազգային փառատոններից մրցանակներով ենք հետ գալիս, բայց ավելի վերև այդպես էլ չի հաջողվում բարձրանալ, ինչպեսև ոչ մի հայ գրող Նոբելյան մրցանակի չի արժանացել: Սա երևի գալիս է նրանից, որ մենք գրում ենք մեր խնդիրներից, որը դրսի մարդուն, աշխարհին հետաքրքիր  չի:

-Այդ հարթակներն էլ են տարբեր, դրանց իմաստները պիտի հասկանանք: Ամեն հարթակ չի, որ առողջ է: Օրինակ, ինչպես Օսկարինը, Կաննինը: Չնայած դրանք էլ պիտի հասկանանք, թե ինչպես են ընդունում, ինչ քաղաքականություն կա: «Ավատարին» բան չտվեցին, որովհետև ԱՄՆ-ի զավթողականությունը ցույց տվեց և իդեալոգիան չբռնեց: Հիմա ասում են` գնացին Ճ կլասի փառատոն, հիմա, եթե էդ միջազգայինները Ճ կլասի են, սա ուրեմն` մինուս Ճ է: Չի կարելի ասել այդպես, որովհետև սա մի խումբ մարդկանց կարծիք է, Ճ կլասը դու ես: Մարդիկ մի տեղ հավաքվել են, փող են դրել, մի բան են փորձում անել, դա արդեն մեծ բան է: Ֆրանսիական «Նոր ալիքը», որ սկսեց, մի այսպիսի միտք ասվեց` երկու հոգի իրար հետ խոսեցին և աշխարհը լսեց, հիմա այստեղ տասը հոգի են: Շատ կարևոր է, թե ով է գովացողը և ով չգովացողը: Մի հարգարժան մարդ կա, այն ժամանակ նա երիտասարդ էր, եկել և պապային առաջարկել է, որ արձանը սարքի, պապան պատասխանել է` դու ով ես, որ իմ արձանը սարքես: Այսինքն` սա ևս հարաբերական է, կրկնում եմ` կարևոր է, թե ով է այդ գովացողը և չգովացողը:

 

ՄԱՐԻԱՄ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում