Քարվաճառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում գործում են նոր խմբակներ

«Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ում այս ուսումնական տարվա սկզբից որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Նելլի Դանիելյանը, մասնավորապես, այս տարի կենտրոնում սկսել են գործել օտար լեզվի եւ համակարգչային հմտությունների առարկայական խմբակներ:

«Այս խմբակները բացվել են ծնողների ու աշակերտների բանավոր դիմումների հիման վրա: Խմբակների հանդեպ հետաքրքրությունը մեծ է, եւ հուսով եմ, որ հետագայում էլ դրական արդյունքները տեսանելի կլինեն», ընդգծեց մեր զրուցակիցը:

Նախորդ տարի շրջանի Նոր Բրաջուր համայքնում գործող ժամանակակից պարի խմբակն այս տարի տեղափոխվել է Քարվաճառ: «Նոր Բրաջուր համայնքում այս խմբակն արդյունավետ չէր գործում, այժմ խմբակը գործում է Քարվաճառում, խմբակավարն աշխատում է 7-8 տարեկան երեխաների հետ», նշեց մեր զրուցակիցը: Բացի նշված խմբակներից, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շրջանակներում գործում են դաշնամուրի, ասմունքի, հմուտ ձեռքերի, ասեղնագործության խմբակներ:
Տեղեկացնենք, որ «Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2012 թ. դեկտեմբերի 5-ին:

Կենտրոնի յուրաքանչյուր խմբակում ընդգրկված են 8-12 սան:

Կենտրոնի խմբակավարները հիմնականում մասնագետներ են: Քանի որ աշխատանքը տարվում է երեխաների հետ, հաշվի է առնվում նաեւ խմբակավարների մանկավարժական փորձը:

Քարվաճառում մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն բացելու հիմնական նպատակն է եղել դպրոցից դուրս երեխաներին նոր գիտելիքներ փոխանցելն ու նրանց համար զբաղմունք ապահովելը: «Քարվաճառում ուրիշ շատ զբաղմունք չկա, մենք նպատակ ունենք երեխաներին մշակույթի հետ ծանոթացնել, հնարավորություն տալ նրանց շփվել գեղարվեստի հետ: Կենտրոնը նաեւ օգնում է մշակութային կապ պահել Ստեփանակերտի հետ», ընդգծեց կենտրոնի տնօրենը:

Քանի որ կենտրոնը շենք չունի, այժմ խմբակների պարապունքներն անցկացվում են Քարվաճառի միջնակարգ դպրոցում եւ մշակույթի ակումբում: Նոր Բրաջուր համայնքում եւս պարապունքներն անցկացվում են գյուղի դպրոցում:

Խոսելով առաջիկա ծրագրերից, Նելլի Դանիելյանն ընդգծեց, որ կենտրոնը պատրաստվում է նշել Ոսկե աշունը: «Նախատեսվում է համերգ, ինչպես նաեւ կկազմակերպվի մրցույթ շրջանի համայնքների միջեւ. կընտրվի աշնան բարիքները ներկայացնող լավագույն տաղավարը»:

Կենտրոնը նաեւ պատրաստվում է մասնակցել նոյեմբերին Ստեփանակերտում կայանալիք «Մշակութային խաչմերուկ» մրցույթ-փառատոնին:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում