Վերջին մեկ տարին բացահայտեց Ալիեւի իշխանության հակաժողովրդական բնույթը. «Ազադլըգ»

Վերջին մեկ տարին բացահայտեց Ալիեւի իշխանության հակաժողովրդական բնույթը. «Ազադլըգ»

Ադրբեջանում իշխանությունը 11 տարի առաջ հորից` Հեյդար Ալիեւից որդուն` Իլհամին փոխանցելու սկզբնական շրջանում հասարակությանը հուսադրում էին, որ նա «երիտասարդ» է, «օտար լեզու գիտի», «Եվրոպայում է կրթություն ստացել», եւ նրա համար ստեղծում էին նախկին նախագահներից տարբերվող երեւակայություն: «Ազադլըգ» թերթն, անդրադառնալով Իլհամ Ալիեւի իշխանության 11 տարիներին, գրում է, որ իրականում, Իլհամ Ալիեւի մեծ պարտությունը սկսվել է հենց 2013 թվականի նախագահական ընտրություններից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթը գրում է, որ այդ ընտրություններում ժողովուրդը չքվեարկեց Ալիեւի օգտին, ինչն ապացուցեց ընդդիմության եւ ժողովրդական ուժերի «Ազգային խորհրդի» միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին, ով հաղթանակ էր տարել բոլոր ընտրատեղամասերում: Հետո այդ ընտրությանը բացասական կարծիք հայտնեցին միջազգային կազմակերպությունները: ԵԱՀԿ-ի ընտրական առաքելությունը ընտրությունները 58 տոկոս գնահատեց վատ կամ շատ վատ, գործընկերները Ալիեւին շնորհավորեցին մեկ ամիս հ? ?տո, եւ հոկտեմբերի 9-ի ընտրություններից հետո Ալիեւի իշխանությունը զրկվեց «ժողովրդավարության ուղղությամբ եւս մեկ քայլ» հաճոյախոսությունից:

«Սակայն, իշխանության «սեւ օրերը» չսահմանափակվեցին դրանով: Իլհամ Ալիեւն իր նախագահության 11-րդ տարին նվիրեց քաղբանտարկյալների «արտադրությանը»: Օրենքներն իմաստազրկվեցին, դատարաններն ավելի վերածվեցին խաղալիք կառույցի, ձերբակալություններն իրագործվեցին ավելի շինծու մեղադրանքներով: Արտագաղթողերի թիվն աճեց, բնակչության եկամուտները նվազեցին, ինքնասպանությունները հասան ռեկորդային սահմանի: Նույնիսկ, այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ մարդիկ իրենց հասանելիքը ստանալու համար ինքնահրկիզման դիմեցին, նետվեցին կամրջից, մահվան հացադ ուլ սկսեցին: Տնտեսության բոլոր բնագավառներում մենատիրություններն ուժեղացան, ձեռնարկատիրական գործունեությունն ավելի սահմանափակվեց, կրթությունն անկում ապրեց, շրջանավարտների մեծ մասը քննություններից «2» գնահատական ստացավ, առողջապահության նկատմամբ վստահությունը վերացավ, երկրի բնակչությունը հետազոտվելու եւ բուժման համար հոսեց արտասահման: Հանցագործությունների թիվն աճեց, քրեական իրավիճակի մակարդակով Ադրբեջանն աշխարհում գրավեց 3-րդ տեղը:

Ղարաբաղի հարցում առաջընթաց չեղավ, հակառակը, ադրբեջանցի զինվորներ զոհվեցին, բանակում տհաճ դեպքերը շատացան եւ չապահովվեց «անհրաժեշտության դեպքում Ղարաբաղը կռվով կվերադարձնենք» իշխանությունների կողմից ամեն օր արվող հոխորտանքը:

Իրավապաշտպանները, լրագրողները, ինտելեկտուալ երիտասարդները կալանվեցին աննախադեպ շինծու մեղադրանքներով, Բաքվում պայթեցվեց ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության շտաբը, իրական ընդդիմությանը շարքից հանելու համար օգտագործվեց ամբողջ իշխանական զինանոցը: Ազատ մամուլի վերացումն Ադրբեջանում արագորեն շարունակվում է:

Իլհամ Ալիեւը վերջին մեկ տարում «նոկաուտ»-ի վիճակում հայտնվեց նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում: Միջազգային կազմակերպությունները Ադրբեջանի հետ կապված քննադատական զեկույցներ հրապարակեցին, «խավիարային քաղաքականությունը» մերկացվեց եւ ձախողվեց, Եվրոպայի Խորհրդում Իլհամ Ալիեւին իր համար խիստ տհաճ հարցեր տվեցին, Բաքվում անցկացված միջազգային միջոցառումներում բացահայտ խոսվեց իշխանության հակաժողովրդական քայլերի մասին: Եվրոպայի խորհրդարանը Ադրբեջանի հետ կապված բանաձեւ ընդունեց եւ օրակարգ եկավ Բաքվի դեմ պատժամիջոցն եր կիրառելու հարցը: ԱՄՆ նախագահը Ադրբեջանին մեղադրեց ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանք չդրսեւորելու մեջ:

Այս բոլորից հետո Իլհամ Ալիեւը որպես հարգարժան հյուր Բաքվում ընդունեց ադրբեջանական ժողովրդին ոչխար անվանած Վալդիմիր Ժիրինովսկուն, եւ խոստովանեց, որ իր համար պետության, ազգի ինքնասիրությունը ոչ մի արժեք չունի:

Այո, այս տարիների ընթացքում Իլհամ Ալիեւն ու նրա շրջապատն ավելի հարստացան, երկիրը վերածեցին սեփական ունեցվածքի, եւ այս «ավանդույթը» շարունակելու համար ձեռք մեկնեցին ցանկացած ապօրինության:

Մի խոսքով` Իլհամ Ալիեւի 11 տարվա իշխանությունը Ադրբեջանին հեռացրեց ժողովրդավարությունից եւ մոտեցրեց դիկտատուրային: Միեւնույն ժամանակ, 11 տարիների վերջում պատռվեց նաեւ ռեժիմի դիմակը»

Հետևեք մեզ նաև Telegram-ում