Պատասխանի պատասխանը կամ բովանդակության բացակայությունը քաղաքական պայքարի զենք

Պատասխանի պատասխանը կամ բովանդակության բացակայությունը քաղաքական պայքարի զենք

Քառյակը 12 կետանոց քայլերի պահանջ ներկայացրեց, որին կառավարությունը պատասխանեց, այժմ էլ քառյակը պատասխանում է կառավարության պատասխանին:

Հետաքրքիր է, թե պատասխաններին պատասխանելը ինչքան է շարունակվելու, բայց առավել հետաքրքականն այն է, թե որ պատասխանում ինչ բովանադակություն կա: Բոլոր փաստաթղթերը հրապարակված են եւ յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն ծանոթանալ դրանց բովանդակության հետ ու սեփական եզրակացությունները անել, թե որ կողմն է հիմնավոր եւ ըստ էության խոսել: Ինչ վերաբերվում է քառյակի 9 կետանոց պատասխանին, ապա առաջինը ոչ աչքի է ընկնում բովանադակության բացակայությունն է, հակառակ կառավարության ներկայացրած` երբեմն չափիվ ավելի հանգամանալից պատասախաններին, քառյակի 12 կետանոց պահանջների վերաբերյալ:

Տպավորությունն այնպիսին է, որ այս պատասխանը քառյակը պատրաստել էր 12 կետանոց պահանջները գրելու ժամանակ եւ սպասում էր կառավարության ցանկացած պատասխանին` անկախ բովանդակությունից, որպեսզի հրապարակեր: Հաջորդը մի շարք պնդումների ակնհայտ սուտ լինելն է: Օրինակ «Ըստ էության, լուծված չեն նաև գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման և հասցեական պետականօժանդակության խնդիրները»: Գոնե վերջին 3 տարիներին գյուղվարկերի, պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի տրամադրման հարցում կառավարության կողմից տանսյակ միլիարդավոր հատկացումներ են կատարվել եւ գյուղացիների ծախսերի մի մասը պետությունը վերցրել է իր վրա: Մի բան, ինչը չի եղել անկախության նախորդ 20 տարիների ընթացքում:

Կամ` մեկ այլ պնդում. «Հստակ պաշտոնական պատասխան չկա նաև Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության պարագայում ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետի հնարավոր տեղակայման վերաբերյալ»: Բազմիցս, այդ թվում երկրի նախագահի մակարդակով, ասվել է, որ մաքսակետի տեղադրման մասին խոսք չի կարող լինել: Քաղաքական ուժերը չե՞ն լսել դա:

Մի կողմից նշելով, որ փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառության հարկը 3,5 տոկոսից իջեցվել է 1 տոկոս, մյուս կողմից քառյակլը խոսում է այն մասին, որ հարկային բեռը չի իջեցվել:

Հիշեցնենք, որ շրջանառության հարկի տոկոսադրույքի իջեցումը վերաբերվում էր շուրջ 40 հազար առեւտրով զբաղվող տնտեսվարողի: Հաջորդ պնդումը. «Միաժամանակ ներմուծվել է պարտադիր փաստաթղթավորման պահանջ, ինչը մենաշնորհների և բարձր ստվերայնության պայմաններում վատթարացնելու է հազարավոր համաքաղաքացիների գործունեության պայմանները: Այսպիսով, կիրառելով կոշտ վարչարարություն ՓՄՁ-ի նկատմամբ, իշխանությունները վտանգում են ՓՄՁ-ի գործունեության շարունակականությունը և դրանց մի մասին դնում փակման վտանգի տակ»:

Փաստենք, որ շրջանառության հարկի դաշտում գտնվողները` ընդհանուր առմամբ շուրջ 57 հազար, վճարում են բյուջեի եկամուտների ընդամենը 1,3 տոկոսը: Հետեւաբար, խոսել հազարավոր քաղաքացիների վիճակի վատթարացման, կոշտ վարչարարության, ՓՄՁ-ների փակման մասին դարձյալ նույն դատարակաբանության շարքից է:

Փաստաթղթավորման պահանջն էլ, ինչպես դարձյալ բազմիցս ասվել է, նպատակ ունի մեխանիզմներ ստեղծել խոշոր մատակարար ընկերությունների ստվերը բացահայտելու, ինչը կառավարության հիմնական պարտականություններից մեկն է: Նորից չեն լսել քաղաքական գործիչները? Բացի ակնհայտ ստից, եւս մեկ պահ է առկա քառյակի պատասխանում` տնտեսության մասին տարրական գիտելիքների բացակայություն: Մասնավորապես` «Չեն կատարվել 12 կետերում ամրագրված այն հարցադրումները, որոնք չեն պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ, հավելյալ ներդրումների ներգրավում կամ լրացուցիչ ժամանակ։ Դա վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի, տեսանկարահանող սարքերի (արագաչափերի), կարմիր գծանշումներով վճարովի կանգառների, Որոտանի ՀԷԿ-երի, «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետ կապված հարցերին»:

Եթե «Նաիրիտի» կամ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրները չեն պահանջում ֆինանսական միջոցներ կամ ներդրումներ, ապա անմիաստ է խոսել այս պնդումն անողի` տնտեսության մասին պատկեացում ունենալու մասին: Կուտակային համակարգում եւ տեսանկարահանող սարքերի հարցում կատարված փոփոխություններից էլ երեւի քառյակում կրկին տեղյակ չեն: Մնացածն էլ նույն ոգով է: Մնում է միայն ավելացնել, որ անտեղյակությունը կամ ամբոխավարությունը երկար ժամանակ որպես զենք հնարավոր չի լինի օգտագործել: Մարդկանց հետաքրքրում են կոնկրետ հարցերի վերաբերյալ հիմնավոր եւ բովանդակություն պարունակող պնդումները: Քաղաքական դատարկ հայտարարություններին, «մեծ» եւ «վճռական» հանրահավաքների հրավերներին արդեն սովորել ենք: Դրանք արդեն արդյունավետ չեն:

Վահան ԿԱՆԱՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում