Հայաստան-Սերբիա` 1:1. Հայաստանը վերջին րոպեին բաց է թողնում հաղթանակը (տեսանյութ)

Հայաստան-Սերբիա` 1:1. Հայաստանը վերջին րոպեին բաց է թողնում հաղթանակը (տեսանյութ)

Եվրո-2016-ի ընտրական փուլի երկրորդ խաղում առանց մի շարք առանցքային ֆուտբոլիստների հանդես եկող Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Սերբիայի հավաքականի դեմ։

Թիմերն ընդմիջման էին գնացել 0:0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի կազմում փոփոխություն տեղի ունեցավ. Կառլեն Մկրտչյանին փոխարինեց Ռումյան Հովսեփյանը։ 53-րդ րոպեին Սերբիայի հավաքականի տուգանային հրապարակում Մարկոսը փոխանցում կատարեց Սարկիսովին, սակայն վերջինիս՝ մոտ տարածությունից գլխով հարվածը բարձր ստացվեց։

57-րդ րոպեին կանոնները խխատեցին Արթուր Սարկիսովի նկատմամբ, և մեր հարձակվողին բուժօգնություն ցույց տվեցին դաշտի սահմաններում։ 63-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը վնասվածք ստացավ, և նրան փոխարինեց Արտակ Դաշյանը։

71-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հերթական գրոհն ավարտվեց դարպասի գրավմամբ։ Ռոբերտ Արզումանյանը գլխով գրավեց մրցակցի դարպասը Տարոն Ոսկանյանի փոխանցումից հետո։

Խփված գնդակից հետո երկու թիմերն էլ ակտիվացան, սակայն հանդիպման վերջնամասն անցավ Հայաստանի հավաքականի առավելությամբ։

81-րդ րոպեին Արթուր Սարկիսովի նկատմամբ վերջին հույսի խախտման համար մեր ընտրանին ստացավ 11-մետրանոց տուգանային հարվածի իրավունք, սակայն Մարկոսի հարվածից հետո Վլադիմիր Ստոյկովիչը հետ մղեց գնդակը։

84-րդ րոպեին Մարկոսը փոխարինվեց։ Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ դաշտ դուրս եկավ Լյուքսեմբուրգի առաջնությունում հանդես եկող Ալեքսանդր Կարապետյանը։

Հանդիպման վերջնամասն անցավ չափազանց լարված պայքարում։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Սերբիայի հավաքականը հավասարեցրեց հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Սերբիայի հավաքականի հարձակվող Զորան Տոշիչը

Հանդիպման գլխավոր մրցավար Տոմ Հարալդ Հագենը հիմնական ժամանակին ավելացրեց հինգ րոպե։ Այդ ընթացքում թիմերն այլևս չկարողացան հաջողության հասնել։

Հայաստան-Սերբիա՝ 1:1, և մեր ընտրանին իր առաջին միավորն է վաստակում Եվրո-2016-ի որակավորման փուլում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում