«Գագիկ Ծառուկյանը տնտեսական դեմք է, չէի ուզենա, որ օլիգարխը նախագահ լիներ».Սոս Գիմիշյան

«Գագիկ Ծառուկյանը տնտեսական դեմք է, չէի ուզենա, որ օլիգարխը նախագահ լիներ».Սոս Գիմիշյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի դիտարկմամբ այսօրվա քաղաքական էլիտան իրեն սպառել է, ուստի երկրում  պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան, բայց անցնցում՝ ոչ մայդանյան: Գիմիշյանը պատրաստ է ընդունել քաղաքական կուրսի ցանկացած փոփոխություն, նրա  համար կարևորը ոչ  թե  անձն է, այլ, թե ինչ է նա ուզում և  ինչպես է ուզածն իրականացնում:  Նրա գնահատմամբ՝  եթե  ամեն ընտրությունից հետո իշխանություն  փոխվի, այդ պահին  իշխանության ղեկին լինողը կմտածի բարի համբավ թողնելու  մասին:

Անդրադառնալով  հոկտեմբերի 10-ի եռյակի համատեղ հանրահավաքին,  քաղաքական գործիչը նկատեց, որ  այնտեղ մի մասը նախկին իշխանավորներ էին, մյուսները ժամանակին  գործող  իշխանության մաս են  կազմել, ավելին, 2008-ի  մարտի 1-ին իշխանության հետ միասին ժողովրդի դեմ զենք են կիրառել, երրորդն  էլ  ժողովրդի մեծ մասի քվեն ստացավ, բայց որևէ առաջխաղացման չկարողացավ հասնել: Ըստ այդմ՝  Գիմիշյանը չի նկատել այն վստահությունը, որը կցանկանար տեսնել, իսկ  ԲՀԿ նախագահի ելույթ չունենալը  ճիշտ քայլ էր, հատկապես, երբ մեկ օր առաջ նախագահ դառնալու  ցանկություն էր հայտնել:

«ԲՀԿ-ի կեցվածքն ինձ համար անհասկանալի է մնում և այն, թե ինչպես են ՀԱԿ-ն ու ԲՀԿ համագործակցում: Լավ կլիներ, որ որպես հրաշալի քառյակ իրենց ժողովուրդը գնահատեր, ոչ թե իրենք իրենց: Մեծ չի փոփոխությունը` Դաշնակցությունը գնաց, Ժողովրդական կուսակցությունը միացավ»,– լրագրողների հետ  հանդիպմանը շեշտեց  Գիմիշյանն՝  արձագանքելով  Լևոն Տեր-Պետրոսյանի  գնահատականին, թե  հրաշալի քառյակը շարունակում  է մնալ այդպիսին: 

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը ևս որոշ քաղաքագետների և քաղաքական գործիչների  նման եռյակում  քաղաքական հստակ օրակարգ չի տեսնում, բայց  անկախ իր ունեցած  վերաբերմունքից հարթակում կանգնած մարդկանց նկատմամբ, կցանկանար, որ գործընթացը շարունակվեր: Իսկ այն,  ըստ  նրա՝  հնարավոր է, եթե դրսից  օժանդակող  ուժ լինի, մյուս կողմից դա կախված է, թե առաջիկա  հանրահավաքներում  ինչ կասի և կանի եռյակը կամ քառյակը:

Անդրադառնալով  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի 2018-ին նախագահ դառնալու հնարավորություններին,  Գիմիշյանը նկատեց, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի առաջադրվելու  իրավունք ունի, այլ հարց է, թե որքանով  է  նա համապատասխանում այդ  պաշտոնին:

«Գագիկ Ծառուկյանը տնտեսական դեմք է, ես  կուզենային մի այնպիսի երկրում ապրել, որտեղ  երկրի նախագահը լիներ շատ ավելի քաղաքական դեմք: Նա օլիգարխ է, ինչը  նշանակում է, որ  օրենքը շրջանցելով տնտեսական գործունեություն է վարել: Ուստի  կրկնում  եմ՝ ես չէի ուզենա, որ օլիգարխը երկրի նախագահ լիներ, այլ, որ նա  շարունակեր իր տնտեսական գործունեությունը, բայց  օրինական դաշտում: Այսօր  նախագահի պլանկան մենք այնքան ցածր ենք իջեցրել, որ մեր երկրում յուրաքանչյուրն էլ կարող է հավակնել այդ աթոռին: Ավելին, ինչքան անխելք, անբարոյական, քցող,  քծնող, այնքան մեծ շանսեր ունի: Եթե մարդն ազնիվ է, ապա այնպես են անում, որ նա գնա  երկրից: Կամ՝ եթե մի քիչ է գողանում՝  բռնում են, եթե շատ՝ խորհրդարան տանում»,-շարունակեց  նա՝   նկատելով, որ  կուսակցությունները  պետք է գնահատվեն  ոչ  թե  ըստ չափսերի, այլ  մտքի և ծրագրերի  որակի:

«Եթե ես ունենամ փող և նպատակ, կարող եմ ավելի մեծ կուսակցություն սարքել, քան ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն են»,-եզրափակեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում