Եռյակը կուրսը վերցրել է դեպի խորհրդարանական և նախագահական ընտրություններ

Եռյակը կուրսը վերցրել է դեպի խորհրդարանական և նախագահական ընտրություններ

Հայաստանյան քաղաքական դաշտում այս օրերին հիմնական քննարկման թեման շարունակում է մնալ եռյակի հանրահավաքը: Դրանից ստացված ազդակները մեկնաբանվում են, կանխատեսումներ արվում, ու թերևս մեկ շատ կարևոր հանգամանք է այս շարքում քողարկվում` եռյակը «անհամատեղելի է» նաև ԵՏՄ-ի հարցում:

Հանրահավաքը եկավ ապացուցելու, որ եռյակում իսկապես խնդիրներ գոյություն ունեն, որոնք ավելի վաղ որոշակիորեն ուրվագծվեցին ՀՅԴ-ի հեռանալուց հետո: Իրականում քչերն էին հավատում, թե Դաշնակցությունը միայն հանրահավաքին չի մասնակցելու և հետո ամեն ինչ լինելու է նույնը: Զարգացումները ի ցույց դրեցին, որ խնդիրը ոչ թե հանրահավաքն էր կամ Սահմանադրական բարեփոխումները, այլ 2018թ-ի «նախագահականի կռիվը», որն անկասկած կքայքայի նաև ներկա ձևաչափը: Գուցե հենց այդ պատճառով էլ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ ակնթարթում եռյակը նորից վերածեց «հրաշալի քառյակի»` դրանում ընդգրկելով Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը, քանի որ վստահ է , որ «Ժառանգությունն» էլ երկար չի ձգի:

Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը հանրահավաքում քննարկվում է նույնքան ակտիվ, որքան անհասկանալի է, թե ի՞նչ ընդհանրություններ ունեն ժառանգականները մյուս երկու ուժերի հետ: Նկատելի է նաև, որ անգամ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը սպասարկող լրատվամիջոցներն են «ատամները սրում» այս թեմայով և դա զուտ միայն այն պատճառով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդգնեց հնչեցնել իր տեսակետը, որը որևէ կերպ չէր տեղավորվում ԲՀԿ-ՀԱԿ պայմանավորվածությունների դաշտում:

Հիշենք` հանրահավաքի հենց սկզբում Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ այն ուղղված չէ ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արմուտքի դեմ, իսկ ընթացքն էլ նվիրված էր բացառապես ներքին խնդիրներին: Ու քանի դեռ Գագիկ Ծառուկյանը լռեց, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ դիվանագիտորեն փորձեց շրջանցել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու թեման, մեկնաբանելով այն իբրև կատարված անշրջելի փաստ, Րաֆֆին էր, որ հայտարարեց` «սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի անկախության վաճառք»: Այսպիսով ևս մեկ քայլով մոտենալով իր ձևաչափը լքելուն:

Ակնհայտ է, որ եռյակը իշխանափոխության փոխարեն կուրսը վերցրել է դեպի խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Մարտավարությունն էլ ճիշտ ընտրված` դանդաղ շտապելով գնալ դեպի 2017-18թթ-ը: Եռյակի ֆորմատում ընդամենը մեկ նախագահի թեկնածու կարող է լինել, քանի որ երկուսի գոյությունը արդեն իսկ բերում է բախման:

Եվ եթե ՀԱԿ-ը կարծես ձուլվել է ԲՀԿ-ին ` «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» կարգախոսը որդեգրելով, Րաֆֆի Հովհաննիսյանին մնում է լուրջ ընտրություն կատարել. կամ շարունակել մնալ մի ձևաչափում, որտեղ իր մասին հրապարակավ հայտարարվում է, որ իր «ջղաձգումները արդեն զավեշտի են վերածվում», խեղդելով նաև սեփական ամբիցիաները ու կուսակիցների շահերը, կամ էլ դուրս գալ եռյակ-քառյակից ու շարունակել ճանապարհը ինքնուրույն:

Թեև երկու դեպքում էլ Րաֆֆի Հովհաննիսյանը կրախի առաջ է կանգնելու. առաջին տարբերակն ընտրելիս 2017թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Ժառանգություն» խմբակցություն այլևս չենք ունենա, իսկ դուրս գալով ֆորմատից Րաֆֆին կուսակցության հետ միասին կտեղափոխվի քաղաքական գերեզմանոց: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ դաշինքին, ապա իսկզբանե, վերջիններս ՀՅԴ-ից, «Ժառանգությունից» և ՀԺԿ-ից միայն «լայն աջակցություն» էին ակնկալում՝ պատրաստ չլինելով դրա դիմաց պատասխան վերաբերմունք արտահայտել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում