ԻԼԻՊ-ը Ադրբեջանում «իսլամական ընդդիմություն» է ստեղծում. ադրբեջանական մամուլ

ԻԼԻՊ-ը Ադրբեջանում «իսլամական ընդդիմություն» է ստեղծում. ադրբեջանական մամուլ

Արմատական կրոնական խմբավորումները կարող են քաղաքական ընդդիմության վերածվել Ադրբեջանում:

Publika.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան` նշելով, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիոն պատերազմը իրական է դարձնում նրանց տուն վերադարձը: Նա ուշադրություն է հրավիրել տուն վերադարձող ադրբեջանցի ջիհադականների` «կրոնական ընդդիմության» վերածվելու վտանգին:

Նրա խոսքով` Ադրբեջանում քաղաքական ընդդիմության համար անհրաժեշտ մակարդակի պլատֆորմ չկա, քանի որ ադրբեջանական ընդդիմությունը խմբակցություններ չունի խորհրդարանում: «Հենց այդ պատճառով էլ վտանգ կա, որ արմատական կրոնական խմբերը կարող են վերածվել քաղաքական ընդդիմության Ադրբեջանում եւ լրացնել այդ բացը», -ասել է նա:

Ադրբեջանում «իսլամական ընդդիմության» վտանգն իրական է համարում նաեւ կրոնական կառույցների գծով Պետկոմիտեի նախագահի նախկին տեղակալ, փորձագետ Էլչին Ասգերովը:

«Չնայած ներկա դրությամբ այդ վտանգը դեռեւս փոքր է, բայց ասել, թե այն բացակայում է, ճիշտ չէ: Ջիհադի համար Մերձավոր Արեւելք գնացողները մի օր կվերադառնան: Նրանք պոտենցիալ վտանգի աղբյուր են Ադրբեջանում: Չի բացառվում, որ նրանք կակտիվանան քաղաքական ուղղությամբ եւս», -ասել է նա:

Կայքը հայտնում է, որ «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը BBC-ին տված հարցազրույցում, խոսելով Ադրբեջանին սպասվող ռիսկերից, չի բացառել մոտ ապագայում Ադրբեջանում կրոնական արմատական խմբավորումների` քաղաքական հրապարակում հայտնվելը:

«Այդ արմատական խմբի` Ադրբեջանում քաղաքական հրապարակ մտնելու վտանգ կա: Այսօր Սիրիայում եւ Իրաքում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կռվողները մի օր կվերադառնան տուն», -ասել է Թոմաս դե Վաալը:

Նրանից օրեր առաջ Եվրոպայի ինստիտուտի աշխատակից Նադանի Ֆրիդրիխսոնն էլ հայտարարել էր Ադրբեջանում «մահմեդական ընդդիմության» վտանգի մասին:

«Մահմեդական ընդդիմության հիմքը կարող են կազմել Սիրիայում հեղաշրջմանը մասնակցող, այժմ էլ տուն վերադարձող ջիհադական ադրբեջանցիները: Այդ տեսակետից, պայթյունավտանգ տարածաշրջանների թվին կարելի է դասել նաեւ Ադրբեջանին», -ասել էր փորձագետը:

Այդ մասին ազդարարում է նաեւ ԱՄՆ-ի հեղինակավոր «Stratfor» կենտրոնը: «ԻԼԻՊ-ի գործոնը մոտ ապագայում կարող է վտանգի ենթարկել Կովկասը: Ադրբեջանի եւ Կովկասի մահմեդական բնակչությունը հակում ունի այդ խմբավորման նկատմամբ, եւ ապագայում դա կարող է գլխացավանքի վերածվել Բաքվի եւ Մոսկվայի համար», -հայտնում է կենտրոնը:

«Deutsche Welle»-ն էլ իր հերթին գրում է, որ այսօր ԻԼԻՊ-ին մարտիկներ մատակարարող հիմնական կենտրոնները հանդիսանում են Հյուսիսային Կովկասը եւ Ադրբեջանը, ինչի պատճառով էլ նրանց ետ վերադարձը արդիական է դարձնում այդ տարածաշրջանների համար ջիհադի վտանգը:

Ադրբեջանական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցի ջիհադականներն արդեն մի քանի տարի տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում կռվում են Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում եւ Պակիստանում: Նրանց թիվն այդ երկրներում անցնում է 500-ից: Միայն Սիրիայում վերջին երեք տարում սպանվել են մոտ 200 ադրբեջանցի ահաբեկիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում