«Փողոց դուրս գալը միշտ կա». Ստյոպա Սաֆարյանը կրկնեց Դաշնակցության առաջարկը

«Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» Հ/Կ նախագահ Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե օր առաջ պետք է անցում կատարել  խորհրդարանական համակարգին, իհարկե, այս դեպքում պետք է բավարարվեն  հարակից որոշակի պահանջներ, մասնավորապես՝ ընտրական գործընթացի հետ կապված, այլապես  խորհրդարանական համակարգը կվարկաբեկվի այնպես, ինչպես նախագահականը:

«Խորհրդարանական կառավարման համակարգին կողմ լինելը ամենևին չի նշանակում կողմ լինել սահմանադրական ցանկացած բարեփոխման»,-շեշտեց  նա:

Լրագրողների հետ հանդիպմանը Ստյոպա Սաֆարյանը համաձայնեց  ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի արտահայտած այն կարծիքի հետ, թե գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ դատարաններն անկախ լինեն.

«Գործող Սահմանադրությունն ինքն իրենով բավարար է անկախ արդարադատություն չունենալու համար: Քաղաքական պատվերի հիմքն ու խողովակները ոչ այլ տեղ են, քան Սահմանադրության մեջ, և հենց այդ խողովակներով են Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահենի և մյուսների դատերն ընթանում վերևներից իջեցված ցուցումներով»:

Ըստ նրա՝ եթե սահմանադրական բարեփոխումներից հետո դատական համակարգը շարունակի ինչ-որ մեկի ձեռքին պատանդ մնալ, ունենալու ենք կոտրված ճյուղի նմանվող, չհավասարակշռված գործադիր ու դատական մարմիններ, ըստ այդմ՝ շարունակելու ենք փողոցից բողոքներ լսել:

Անդրադառնալով   ոչ իշխանական ուժերի պահվածքին,  Ստյոպա Սաֆարյանը շեշտեց, որ խորհրդարանական կառավարման համակարգին կողմ ուժերը պետք է սահմանադրական փոփոխությունների գործընթացի անմիջական մասնակիցը դառնան՝ առաջադրելով  սեփական պահանջները:

«Փողոց դուրս գալը միշտ կա:  Եթե ասում են, թե  իշխանությունները սրանով փորձ են  անում  վերարտադրվելու, միթե  գործող Սահմանադրությամբ չէ, որ վերարտադրվել են: Հիմա այս  պատճառաբանությամբ  թողնենք, որ   իշխանությունը միակողմանի անի բարեփոխումները, որից, իհարկե, լավ տարբերակ  չենք ունենալու և, որը մերժվելու է ընդդիմության կողմից»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ  2005 թվականի սահմանադրական բարեփոխումներին ընդդիմությունը ևս չի մասնակցել և իշխանությունը  փոխել է այն, ինչ իրեն ձեռնտու էր:

Ստյոպա Սաֆարյանի համար տվյալ պարագայում հասկանալի է միայն  ՀԱԿ-ի դիրքորոշումը.  նրանք եղել և մնում են նախագահական կառավարման կողմնակից:

«ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այս Սահմանադրության կնքահայրն է, և երբեք կողմ չի արտահայտվի նախագահական կառավարման համակարգից հրաժարվելուն»,-ընդգծեց Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում