«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով միջազգային աղմուկ է նախապատրաստվում

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր,  նախկին քաղբանտարկյալ  Ազատ Արշակյանի դիտարկմամբ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հեղափոխությունը բեմականացում էր, ուստի այն որպես այդպիսին էլ պիտի ավարտվեր: Այսինքն ՝ «մոգերին» ծեծելու նպատակ չկար:

 «Շանթի գործողությունները պետք է կանխվեին, քանի որ դրանք հեղափոխություն չէին: Ոստիկանապետը օրինակ է ծառայում, եթե նա թատրոն գնար, ապա նրա ենթականները դա նույնպես կանեին և կիմանային, թե ինչ բան է բեմականացումը և նման գործողությունների  չէին գնա: Շանթի ակցիան անպատասխանատու ակցիա էր, դատարանի վճիռը նմանապես: Նման վճիռ չպետք է կայացվեր: Անընդունելի է  անչափահասին՝ Շանթի որդուն, ներքաշելը քրեական պատմությունների մեջ: Անընդունելի է  նաև, որ 21-րդ դարում Հայաստանում Գավրոշ կա»,– ասաց  Ազատ Արշակյանը՝ նկատելով, թե մեկ տարի առաջ նոյեմբերի 5-ին արջի ծառայություն է մատուցվել, այլ հարց է՝ ոստիկանությա՞ն թե՞ Շանթ Հարությունյանի դեմ:

Հանդիպմանը ներկա «Բարեփոխում» ՀԿ նախագահ, հրապարակախոս Կարինե Հակոբյանն անընդունելի համարելով  Շանթի Հարությունյանի ընտրած մեթոդը, նշեց, որ դրդապատճառը և էությունը բխում էր ժողովրդի, բոլորիս պահանջներից: Այսինքն՝ Շանթ Հարությունյանն իր ուսերին վերցրեց տասնյակ հազարավոր մարդկանց բողոքը:

«Նա ավելի հայրենասեր է, քան նրանք, ովքեր բողոքում են տանը` հեռուստացույցի առջև նստած: Նա իրեն զոհաբերեց հանուն Հայաստանի, իսկ յուրաքանչյուր ենթադրում է կորուստ, այս դեպքում շատ թանկ գին վճարվեց: Շանթ Հարությունյանն այսօր մեզ համար է գտնվում ճաղերի հետևում»,– ընդգծեց նա:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համաձայնեց վերը նշվածների հետ՝  Շանթ Հարությունյանի արածը հեղափոխության բեմադրություն էր, իսկ  պատիժը՝ անհամաչափ.

«Նրա այդ բեմադրության պատճառով ոչ մեկի գլխից մեկ մազ անգամ չէր պակասելու, այն ընդամենն ահազանգ էր իշխանություններին, և այդ ահազանգի համար նման դաժան հաշվեհարդար Շանթ Հարությունյանին չպետք է տրվեր»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ խտրական վերաբերմունքը ստիպում է նրան քաղաքական բանտարկյալ համարել: Նաև հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության  և, առհասարակ, ՌԴ-ի նկատմամբ նրա ունեցած դիրքորոշումը:

Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ միջազգային կառույցներին է տրամադրել  Շանթ Հարությունյանի և նրա ընկերների անունները՝ որպես քաղբանտարկյալ՝ վստահեցնելով, որ միջազգային աղմուկ է բարձրանալու: Իշխանյանը ցավով նշեց, որ Նոյեմբերի 5-ի գործով անցնող տղաների հետ կապված քաղաքական և հասարական ճնշում չեղավ, Շանթ Հարությունյանն աջակցություն չստացավ, ինչի ականատեսը եղանք 2008-ի Մարտի մեկի գործով  դատապարտվածների  դեպքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում